Պետք է դիմել քաղաքացիական լուրջ անհնազանդության. պայքարը չի ավարտվելու

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ մեր պայքարը չի ավարտվելու: Այս մասին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով մոտ «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ավարտին ասաց քաղաքացիական ակտիվիստ Հայկ Ավետիսյանը:

«Այսօր ևս մեկ անգամ դուք տեսաք, որ ակցիայի գալով, կանչելով, գոռալով ոչինչ չի փոխվելու: Մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դուրս չգան լուրջ պայքարի, քաղաքացիական լուրջ անհնազանդությունների, այս իշխանությունները և իրենց այս մանկլավիկները չեն գնալու որևէ զիջման»,- հայտարարեց Հայկ Ավետիսյանը:

Նա նշեց, որ վաղը` հուլիսի 2-ին, ժամը 19:00-ին Մաշտոցի պուրակում հանրային քննարկում կլինի և կորոշեն իրենց հետագա անելիքները: Հայկ Ավետիսյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է դիմել քաղաքացիական լուրջ անհնազանդության, որի իրավունքը ՀՀ քաղաքացիներն ունեն:

Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Վարդանյանը լրագրողներին հայտնեց, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստեղծվել է որպես անկախ մարմին: Դա նշանակում է, որ այդ հանձնաժողովի որոշումների վրա վետո չի կարող դնել ոչ Կառավարությունը, ոչ Ազգային ժողովը, ոչ էլ Հանրապետության նախագահը: Հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել միայն դատական կարգով` ուժի մեջ մտնելուց հետո, այսինքն` օգոստոսի 2-ին:

Մանրամասները` տեսանյութում:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել