Մեկնարկեց «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրը

Այսօր Երևանում տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի պաշտոնական մեկնարկը:

«Համոզված եմ, որ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրն իր 4 բաղադրիչներով առավել կզարգացնի մեր երկրում քաղաքացիական հասարակության հմտությունները, հասարակական կազմակերպությունների համար կստեղծի ֆինանսական կայունություն և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն, ինչպես նաև կաջակցի ազատ և բազմակարծ լրատվության զարգացմանը` ամրապնդելով լրատվամիջոցների կարողությունները և հմտությունները»,-ծրագրի պաշտոնական բացման ժամանակ նշեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

18 ամիս տևողությամբ և 949 670 եվրո բյուջեով ծրագիրն իրականացվելու է Բրիտանական խորհուրդի, գործընկերներ Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի, Գրանթ Թորնթոնի և Թոմսոն հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

Հովհաննես Մանուկյանը նշեց, որ Եվրոպական միությունն այն գործընկերներից է, ով ակտիվորեն աջակցում է Հայաստանի Հանրապետությանը ժողովրդավարական պետության ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության առավել արդյունավետ համակարգի ներդրման հարցերում:

«Հայաստանում կարելի է դիտարկել հետևյալ միտումները. չնայած քաղաքացիական հասարակության մասնակցությունը քաղաքականության ձևավորման և իրավական մոիթորինգի, պետական կառավարման գործում գնալով ավելանում է, բայց դեռևս կա սահմանափակում»,- ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:

Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանը Եվրոպական միությանն առավել մերձեցնելու գործընթացը և նպաստել ժողովրդավարության ու արդյունավետ կառավարման ամրապնդմանը ժողովրդավարական հաստատությունների ու քաղաքացիական հասարակության աջակցության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ Հայաստանի բնակչության իրազեկվածության բարձրացման միջոցով:

«Ծրագիրն իրականացվելու է շատ բաց և թափանցիկ: Մենք արդեն մի քանի մեխանիզմներ մշակել ենք, որոնցով տարբեր հետաքրքրված անձինք, հաստատություններ կարող են ներգրավվել: Լինելու են աշխաանքային խմբեր, որտեղ մասնագետները կարող են ներգրավվել և իրենց ներդրումն ունենալ իրավական դաշտի կարգավորման գործընթացում»,- հայտնեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Նա նշեց, որ ծրագիրը հիմնականում իրականացվելու է Երևանում, սակայն ընտրվել են 5 մարզեր` Վայոց Ձորը, Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը և Լոռին, որտեղից ավելի ակտիվ ներգրավվածություն կլինի ծրագրի տարբեր փուլերում:

Տեղեկացնենք, որ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի մարտին և կավարտվի 2015 թվականի սեպտեմբերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել