Կառավարության խնդրահարույց որոշմամբ սրվելու է անհավասարության մթնոլորտի զգացումը

Օրեր առաջ հրապարակվեց, որ 2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել ռեկորդային թվով՝ 21.000 հայ: Թեև չի նշվում, սակայն կարելի է հավանականության ամենաբարձր տոկոսով ենթադրել, որ ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք չեն հրաժարվել իրենց նախկին քաղաքացիությունից:

Այսօր նրանցից 4-ն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից՝ «հաշվի առնելով նրանց մեծ ավանդը հայապահպանության գործում և ծավալած գործունեությունը սփյուռքի հայկական համայնքներում»:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է քաղաքացին` կառավարության որոշմամբ: Սակայն ՀՀ օրենսդրությամբ չի սահմանվում որևէ չափանիշ, թե որ դեպքերում Կառավարությունը կարող է իր որոշմամբ անձին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

Պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին ՀՀ Կառավարության որոշումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ անձինք պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են առանց որևէ հստակ չափանիշների՝ մի դեպքում նկատի է առնվել, որ անձի եղբայրը մարտական գործողությունների ժամանակ զոհվել է, իսկ մյուս եղբայրը երկրորդ խմբի հաշմանդամ է, մի դեպքում հաշվի են առնվել անձի բացառիկ ունակություններն ու խոստումնալից ապագան, ինչպես նաև արվեստի մի շարք անվանի գործիչների, Հայաստանի Հանրապետության մշակույթի, Երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջնորդությունները, որոշ դեպքերում անձինք ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից առանց որևէ հանգամանք հաշվի առնելու (համենայն դեպս՝ որոշումների բովանդակությունից չեն երևում հանգամանքները):

Կարևորելով յուրաքանչյուր սփյուռքահայի ներդրումը հայապահպանության գործում` չպետք է նսեմացնել սահմանամերձ բնակավայրերում թշնամու կրակոցների տակ մեծացող, ընտանիք կազմող և երեխաներ մեծացնող հայաստանաբնակ ՀՀ քաղաքացիների և հայաստանաբնակ այլ քաղաքացիների ՀԱՅԱՊԱՀՊԱՆ գործունեությունը: Եվ եթե ՀՀ քաղաքացիների թվի աճը չի հանգեցնելու Հայաստանապաշտպան քաղաքացիների թվի աճի, վտանգի տակ է դրվում ընդհանրապես Հայաստանապաշտպան քաղաքացիների «թվի գոյությունը»:

Արփինե Եղիկյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել