ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը պատգամավորական մանդատը ստանձնել է դեռևս 2007 թվականին՝ ընտրվելով համամասնական ընտրակարգով ԲՀԿ կուսակցությունից: Մասնագիտությամբ իրավագետ է: 1991 թվականին ավարտել է Կիևի միլիցիայի ակադեմիան:
Սակայն նախքան ավարտելը սկսել է աշխատել: 1986-1990թթ. աշխատել է Մասիսի ՆԳ բաժնում` որպես քրեական հետախուզության օպերլիազոր, այնուհետև 1991-1994թթ եղել է Արտաշատի ՆԳ բաժնի պետական ունեցվածքի բաժանմունքում` արդեն որպես ավագ օպերլիազոր:
1995-1996թթ.` Էջմիածնի ռեգիոնալ վարչության քրեական հետախուզության բաժնում աշխատել է պետի տեղակալ, 1997-2003թթ.` ՀՀ զինվորական դատախազի օգնական, այնուհետև ավագ օգնական:
Տարիներ շարունակ աշխատելով Ներքին գործերում՝ վերջիվերջո հաջողվել է դառնալ Աշտարակի շրջանի ՆԳ բաժնի պետ: 2003-2007թթ. աշխատել է հենց այդ պաշտոնում:
2007-ից մինչև 2012թթ. եղել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 2012 թվականի ԱԺ ընտրություններից հետո նորից համամասնական ընտրակարգով ԲՀԿ կուսակցությունից ընտրվել է որպես պատգամավոր:
Ստորև ներկայացնում ենք Կարո Կարապետյանի տարեական եկամուտը՝ ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի:
2013 թվականի ընթացքում պատգամավորը ունեցել է 3 միլիոն 124 հազար 150 դրամի եկամուտ, որն ամբողջությամբ ստացել է որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ:
Բացի սա, հարկային տարվա սկզբին նա ունեցել է 49 միլիոն դրամ, որը հարկային տարվա ավարտին դարձել է 60 միլիոն դրամ:
Ավելացել են նաև դոլարով պահվող դրամական միջոցները՝ 108 հազար դոլարից դառնալով 120 հազար:
Որպես փոխկապակցված անձինք նշված են պատգամավորի՝ որդին՝ Վիլիկ Կարապետյանը և կինը՝ Հասմիկ Ստեփանյանը: Վերջինիս տարեկան որևէ եկամուտ չունի: Փոխարենը տարվա սկզբում հայտարարագրել է 53 միլիոն դրամ, որն արդեն տարվա ավարտին դարձել է 80 միլիոն դրամ: Կրկնակի ավելացել են նրա դոլարով պահվող դրամական միջոցները՝ 100 հազարից հասնելով 220 հազարի:
Համեմատած ծնողների, պատգամավորի որդին ոչ տարեկան եկամուտ ունի, ոչ էլ որևէ դրամական միջոց:
Լուսանկարը՝ hetq.am-ի