Օրեր առաջ համացանցում հայտնվեց փաստաբան Արշավիր Խալափյանի և «Վիվասել ՄՏՍ» ընկերության Կապանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Կույումջյանի զրույցի գաղտնի տեսաձայնագրությունը, որը բավական մեծ աղմուկ բարձրացրեց: Այս խնդրի վերաբերյալ Իրավաբան.net-ը փորձեց պարզաբանում ստանալ Արշավիր Խալափյանի ներկայացուցիչ Սյուզաննա Խչեյանից:
Ըստ նրա՝ անկախ այն հանգամանքից, թե ի՞նչ բովանդակություն ունի տեսանյութը, Աշոտ Կույումջյանը այն միանշանակ ձեռք է բերել գաղտնի և օրենքի խախտմամբ. «Այդ հանդիպումները Կույումջյանը տեսաձայնագրել է ապօրինի, իսկ ինչ վերաբերում է տարածելուն, ապա այդ քայլով նա արդեն բավական հեռուն է գնացել: Այսինքն՝ երկու դեպքում էլ նրա գործողությունները հակասել են օրենքին»:
Փաստաբանի ներկայացուցիչը հենց այս հիմնավորմամբ էլ առաջիկայում պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն. «Բացի այն, որ դատախազությունը պետք է գնահատկան տա Արշավիր Խալափյանի գործողություններին, այն միաժամանակ պետք է քրեաիրավական գնահատական տա նաև Աշոտ Կույումջյանի կատարածին»:
Փաստաբան Սյուզաննա Խչեյանը զրույցի վերջում նշեց, որ հատկապես Սյունիքի մարզում որևէ մեկի համար գաղտնիք չի եղել Արշավիր Խալափյանի ակտիվ հասարակական գործունեություն ծավալելը: Իսկ, թե արդյո՞ք տեսանյութը կապ ունի նրա վարած գործերից որևէ մեկի հետ պարզ կլինի շուտով՝ հարուցված կամ հարուցվող քրեական գործերի նյութերի նախապատրաստությունից հետո:
Հիշեցնենք, որ Արշավիր Խալափյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշել էր, որ կատարվածի նպատակը կոնկրետ երկու գործերով իրեն զսպելն է եղել: