Քննարկվել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային:

Վարչապետ Աբրահամյանն ընդգծել է, որ նոր ձևավորված կառավարությունը շարունակելու է ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի հետ և գործնական քայլեր իրականացնել այն խորացնելու ուղղությամբ:

Տրայան Հրիսթեան շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և բարձր գնահատել ԱԺ նախագահի պաշտոնում ծավալված կառուցողական համագործակցությունը: Դա, ըստ ԵՄ դեսպանի, լավ հիմք է հետագա համատեղ արդյունավետ աշխատանքի և առաջընթացի համար: Պարոն Հրիսթեան վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը մեր երկրի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին և ավելի բարձր մակարդակի հասցնել երկկողմ գործակցությունը:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Տրայան Հրիսթեան քննարկել են Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել է, որ փոխգործակցության զարգացումը պետք է բխի 2013 թ. նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունից: Այն վերահաստատում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցություն շարունակելու վերաբերյալ կողմերի հանձնառությունը և ԵՄ-Հայաստան քաղաքականության գործողությունների ծրագրի արդիականացման անհրաժեշտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել