Քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ քրեական գործ է հարուցվել

Այսօր Մաշտոցի պուրակում ոստիկանների և մի քանի ակտիվիստների միջև տեղի ունեցած միջադեպից հետո 6 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն:

Բերման ենթարկվածներից Գևորգ Սաֆարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից: Որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:

Նշենք, որ հիշյալ հոդվածի համաձայն՝ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ հավաքվել էին Մաշտոցի պուրակում՝ բողոքելով պուրակի անվան փոփոխությունից: Պուրակն անվանվեց ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ: Պուրակի բացման արարողությանը ներկա են գտնվել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել