Ապագա նոտարները քննություն հանձնեցին. «10-ը խնդիրը բավական շատ էր 4 ժամում լուծելու համար»

Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունում ապագա նոտարները հանձնեցին որակավորման ստուգման երկրորդ՝ խնդիրների փուլը, որին մասնակցում էր թեստավորման փուլը հաղթահարած 38 թեկնածու:

Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս փուլի խնդիրները պարբերաբար բարելավվում են. «Այս տարվա խնդիրները բավականին հստակ են, որն ավելի հստակ է ստուգում այն հմտություններն ու գիտելիքները, որոնք անհրաժեշտ են նոտարին»:

Որակավորման ստուգման ավարտից հետո մեզ հետ զրույցում փաստաբան Արթուր Սուքիասյանը նշեց, որ թեև քննությունը թափանցիկ է անցկացվել, բայց այնուամենայնիվ առաջադրված խնդիրները բավական բարդ են եղել, և դա նախևառաջ պայմանավորված էր ծավալով. «10-ը խնդիրը բավական շատ էր 4 ժամում լուծելու համար: Վերջին խնդիրների շուրջ անգամ չեմ էլ կարողացել մտածել»:

Այն հարցին, եթե չանցնի այս անգամ, արդյո՞ք մեկ անգամ էլ կդիմի՝ պատասխանեց. «Ծավալից և բարդությունից չեմ խուսափում, բայց եթե գնահատման համակարգը նույնը լինի՝ չեմ մասնակցի: Կարող է լինել խնդիր, որն ունի երկու հարց, և եթե դրանցից մեկին անգամ սխալ ես պատասխանում, արդեն հաշվում են 0 միավոր: Այս մոտեցումը, ըստ իս, սխալ է»:
Ըստ փոխնախարարի՝ երկրորդ փուլ անցած ունկնդիրների մասնագիտական որակը միշտ էլ բարձր է եղել, բայց այս փուլը հաղթահարելը բավական բարդ է, քանի որ կոնկրետ հմտություն և գիտելիքներ է ստուգում. «Այն անձինք, ովքեր ենթադրենք չունեն նոտարական գրասենյակի ստաժավորում կամ ծանոթ չեն նոտարական գործունեությանը մոտիկից՝ կարող են չհաղթահարել այլ փուլը»:

Փաստաբան Արփինե Եղիկյանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում նոտարների որակավորման ստուգմանը: Նա ևս կարծում է, որ նախորդ անգամվա համեմատ այս տարի խնդիրներն առավել բարդ են եղել. «Նախորդ անգամ մասնակցել եմ 2011 թվականին: Այս անգամ ավելի ծավալուն էին խնդիրները և ժամանակը չէր հերիքում»:

Նշենք, որ նոտարների որակավորման ստուգմանը մասնակցության համար դիմել է 46 թեկնածու, որոնցից 2-ը չեն ներկայացել առաջին՝ թեստային փուլին, իսկ 6-ը չեն հաղաթահարել նվազագույն 80 միավորի շեմը: Երկրորդ փուլի անցողիկ միավորը 85-ն է:

Արամ Օրբելյանը հույս հայտնեց, որ մասնակիցներից 15-20-ը կհաղթահարի կամ գոնե մոտ կլինի այս շեմին:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել