Առաջիկայում ՃԵԿ խախտման համար ավելի շատ կկիրառեն վարորդական իրավունքից զրկելը

Ժամանակին հատկապես կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նկատառումից ելնելով են մեծամասամբ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանք նախատեսել, բայց գործնականում վերլուծությունները ցույց են տալիս, որ ոչ միշտ է, որ տուգանքն այն պիտանի, անհրաժեշտ և չափավոր միջոցն է հետապնդվող նպատակին հասնելու համար: Այս մասին Ազգային ժողովում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով՝ առաջիկայում այս ոլորտում փոփոխություններ կատարելու ժամանակ պետք է պատժատեսակների սպեկտրն ընդլայնվի և ունենան և´ զգուշացում, և´ տուգանք ու ավելի լայն կիրառում տան վարորդական իրավունքից զրկելուն:
«Եթե նայում ենք միայն ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված պատժամիջոցներին, ապա աչք զառնող խնդիրն այն է, որ այս մասում որևէ զգուշացում (ընդհանուր մասում ունենք զգուշացում, տուգանք և այլն) չունենք նախատեսված: Սա ամբողջությամբ դուրս է եկել, մնացել է տուգանքն ու վարորդական իրավունքից զրկումը, որը պահպանված է մեկ-երկու հոդվածներում»,- ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենսգրքի մասին ասաց Հրայր Թովմասյանը:

Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի ընդունում: Արդարադատության նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ օրենսգիրքը պետք է լուծումներ գտնի նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված վարչական պատասխանատվությունների համար:

«Արդեն իսկ ընդհանուր մասը պատրաստ օրենսգրքի նախագծի և Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում ամբողջական փաթեթը կներկայացվի»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ նախկին վարչապետի Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը, որը եռամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերն ու դրանց քանակը, կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, ինչպես նաև միջազգային փորձը և անհրաժեշտության դեպքում ՀՀ կառավարության աշխատակազմին ներկայացնի այդ ուսումնասիրության արդյունքներից բխող առաջարկություններ, մեկ-երկու նիստ արդեն կազմակերպել է:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 4 խմբակցությունների նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել են «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը» թեմայով խորհրդարանական լսումներ:

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկաներին հայտնեց, որ զեկուցողներին հարցեր տալու համար անհրաժեշտ էր նախապես հարցադրումներ ուղարկել, որպեսզի այսօր զեկուցողները կարողանային պատասխանել հարցերին:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ