Պետռեգիստրը 20 «տարեկան» է. պարգևատրումներ` նախարարի հրամանով

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գործունեության 20 տարին: Իրավաբան.net-ին Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ծովինար Խաչատրյանը հայտնեց, որ այսօր Արդարադատության նախարարի հրամանով 37 աշխատակիցներ պարգևատրվել են:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունից Իրավաբան.net-ին հայտնեցին, որ այսօր կազմակերպության գրանցումը տևում է 15-20 րոպե, իսկ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումը` 5 րոպե:

Մինչև 2002 թվականը Հայաստանի Հանրապետությունում ընկերության հիմնադրումը իրականացվում էր 9 ընթացակարգերով, որոնց ընդհանուր տևողությունը կազմում էր 18-20 օր: 2002 թվականից մինչև 2011 թվականը ընկերության հիմնադրումն իրականացվում էր 5 փուլերով (ֆիրմային անվանման փորձաքննություն, փաստաթղթերի նախագծերի կազմում և որոշումների ընդունում, տուրքերի վճարում, պետական գրանցում, հարկ վճարողի հաշվառման համարի տրամադրում), որոնց ընդհանուր տևողությունը կազմում է 9 օր:

Խոսելով ձեռքբերումներից` նշեցին, որ 2011 թվականի ապրիլի 1-ից իրավաբանական անձնանց պետական ռեգիստրի գործակալությունում իրավաբանական անձանց պետական գրանցումը և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառումը իրականացվում է «մեկ պատուհան մեկ կանգառ» սկզբունքով, որի շնորհիվ զգալիորեն կրճատվել են պետական գրանցման և պետական հաշվառման ժամկետները, վերացել են իրավաբանական անձանց կողմից նախքան պետական գրանցման դիմելը ֆիրմային անվանում ստանալու համար լիազորված մարմին դիմելու, իսկ պետական գրանցումից հետո հարկ վճարողի հաշվառման համար ստանալու համար հարկային մարմիններին դիմելու գործառույթները: Նշված գործառույթները ներկայումս միանգամից կատարվում են իրավաբանական անձնանց պետական ռեգիստրի գործակալությունում հաշված րոպեների ընթացքում: Համակարգը հնարավորություն է տալիս նաև իրավաբանական անձանց պետական գրանցման համար փաստաթղթերը ներկայացնել առցանց ռեժիմում: Նախկինում գրանցված բոլոր իրավաբանական անձանց հիմնադիր փաստաթղթերը թվայնացվում են և տեղադրվում ռեգիստրի տեղեկատվական բազայում:

Պետռեգիստր դիմած բոլոր պետական մարմիններին տրվել է գաղտնաբառ, ինչը նրանց հնարավորություն է տալիս գրանցամատյանում գրառված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի տվյալներին տեղեկանալ անմիջապես` նախկին սահմանված կարգի փոխարեն, երբ անհրաժեշտ էր պետական ռեգիստրի գործակալություն գրավոր դիմել և 5 օրվա ընթացքում գրավոր պատասխան ստանալ:

Ներկայումս մշակվում են «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքի նախագիծ, ինչպես նաև ոլորտին վերաբերող մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, որոնց ընդունումով, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, էլ ավելի կբարելավվի ոչ միայն առևտրային կազմակերպությունների գրանցման գործընթացը, այլև կկրճատվեն հասարակական կազմակերպությունների գրանցման ժամկետները, հնարավորություն կստեղծվի հասարակական կազմակերպությունների գրանցման համար փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային եղանակով կամ փաստաթղթային եղանակով հանրապետության ցանկացած վայրում գտնվող սպասարկման գրասեյակներում, առանց գործակալության երևանյան գրասենյակ ներկայանալու:

Նշենք, որ այս պահի դրությամբ գրանցված են 72.000 կազմակերպություններ, 92.000 անհատ ձեռնարկատերեր, 3903 ՀԿ-ներ:

 

Լուսանկարը` moj.am

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել