Իրավաբանական կրթությունը մեր երկրում խիստ տեսականացված է. բուհերի տված կրթությամբ մարդիկ դառնում են ոչ թե իրավաբան, այլ օրենսդրագետ. կարևոր բաղադրիչը` իրավական մտածողություն ձևավորելը, բաց է մնում: Այս ոլորտում անելիքներ շատ կան:
«Ցավոք սրտի մենք դեռևս շարունակում ենք իրավաբանական ֆակուլտետներում ուսանողներից պահանջել, որպեսզի նրանք այդ օրենքներն անգիր սովորեն և վերաարտադրեն իրենց սովորած օրենքները»,- ասաց «Լիբրա Լիգըլ Էյդ» փաստաբանական գրասենյակի կազմում գործող «Քրեական արդարադատություն» գիտավերլուծական խորհրդի նախագահ Արթուր Ղամբարյանը:
Առաջին անգամ իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրում տեղ է հատկացվել իրավական կրթության որակի բարելավմանը: Պետք է մեծ ուշադրություն դարձել այն մարդկանց կրթության որակին, ում ձեռքերում է մարդկանց ճակատագիրը: Արթուր Ղամբարյանը կարծում է այդ հարցը ռազմավարական ծրագրի մակարդակով կարևորելը խիստ անհրաժեշտ քայլ է:
Բուհերի իրավաբանական ֆակուլտետներում դասավանդում են տեսական մեծ գիտելքիներ ունեցող մասնագետներ, դրա արդյունքում նորավարտ իրավաբանը պրակտիկ դաշտում մեծ խնդիրների առջև է կանգնում:
Եթե Արդարադատության ակադեմիան կարողանան քննարկել պրակտիկ հիմնախնդիրներն ապագա մասնագետների հետ և հասնել խնդիրների ճշմարտացի լուծմանը` ապահովվելով օրենքի միատեսակ կիրառություն, հիանալի կլինի: Մասնագետի պրակտիկ դիտարկումները ցույց են տվել, որ այն սեմինարները, որոնց ներկա են դատավորներ, դատախազներ, քննիչներ ու փաստաբաններ, շատ արդյունավետ է լինում, սակայն հեռանկարային չէ փաստաբանների մասնագիտական ուսուցումն ու վերապատրաստումն Արդարադատության ակադեմիային վերապահելը:
«Երբ մենք գործ ունենք պետություն- քաղաքացիական հասարակություն տիրույթների տարանջատման հետ, կարծում եմ փաստաբանական ինստիտուտը պետք է ունենա իր ինքնակառավարման եղանակները»,- Իրավաբան.net-ին ասաց Արթուր Ղամբարյանը:
Իրավական կրթության որակի բարելավմանն ուղղված ռազմավարություն մշակելու համար նաև բուհերից են ներկայացուցիչներ ընդգրկված: Հուսանք` ապագայում վերջ կդրվի Խորհրդային Հայաստանի ժամանակներից մնացած կրթական մեթոդին:
Նունե Հովսեփյան
Իրավաբան.net