Առաջիկայում կփոխվի մեքենաների պետհամարանիշների դիզայնը

Հայաստանում առաջիկայում կփոխվի մեքենաների պետհամարանիշների դիզայնը: Փոփոխության հեղինակը ոստիկանությունն է: Առաջարկվում է մեծացնել տառերի չափերը, օգտագործել տառերի և թվերի առավել ընթեռնելի գրելատեսակներ, ինչպես նաև համարանիշերի վրա պատկերել Հայաստանի Հանրապետության դրոշը:

Ըստ ոստիկանության` այս պահին գործող հաշվառման համարանիշերում օգտագործվող տառերի չափերը փոքր են թվերից, և որոշ դեպքերում խնդիրներ են առաջացնում ընթեռնելիության առումով: Բացի այդ, ներկայումս օգտագործվող տառերի և թվերի գրելատեսակները ևս երբեմն խնդիրներ են առաջացնում ընթեռնելիության առումով, հատկապես տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների դեպքում, քանի որ որոշ տառեր բավականին նման են միմյանց (օրինակ՝ «O», «Q», «D», «C»):

Կսահմանվի, որ համարանիշերում կիրառման համար թույլատրվող տառերի տեսակները հետևյալներն են ՝ A, B, C, D, E, F, G, H, I, J, K, L, M, N, O, P, Q, R, S, T, U, V, W, X, Y, Z, Ո, Ա, Զ, Կ, Մ, Ն, Պ, Շ, իսկ թվանշանները՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9-ը:

Համարանիշերում կիրառվող մակագրությունների տեսակներն են լինելու՝ «AM», «ARM», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ», «ՓՈՐՁԱՐԿՈՒՄ»:

Նշենք, որ օգտագործվող համարանիշները վարորդները չեն փոխելու այնքան ժամանակ, քանի դեռ նոր համարանիշ վերցնելու խնդիր չառաջանա: Չի փոխվել նաև համարանիշը վերցնելու համար նախատեսված վճարի չափը:

Նախագիծը ընդգրկված է Կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել