Իրավահարաբերությունների ո՞ր տեսակներն են կարգավորվում միայն օրենքով

Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում`
1) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը.
2) ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը.
3) իրավաբանական անձանց, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն (այդ թվում` ստուգում, ուսումնասիրություն, տեսչական ստուգում) իրականացնելու դեպքերը, պայմանները և կարգը.
4) իրավաբանական անձինք ստեղծելու, դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու կարգը և պայմանները.
5) ֆիզիկական անձանց անձնական և ընտանեկան, ինչպես նաև իրավաբանական անձանց` առևտրային գաղտնիք չհամարվող տեղեկությունների ցանկը.
6) քրեական, վարչական, տնտեսական (գույքային), կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները, քրեական պատիժների իրականացման կարգը, դատական և վարչական ակտերի հարկադիր կատարման կարգը, փաստաբանների կարգավիճակը և լիազորությունները.
7) հանրաքվեների, Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարգը.
8) պետական բյուջեի ձևավորման և դրա ծախսման կարգը.
9) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, չեղյալ համարելու կարգը և պայմանները.
10) կուսակցությունների և այլ հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների իրավականկարգավիճակը.
11) Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորները և դրանց սահմանները:

Ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` օրենքով նախատեսված իրավունքների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններ, կարգեր կամ տեխնիկական նորմեր (քաղաքաշինական, սանիտարական, հակահրդեհային, հաշվապահական հաշվառման, ստանդարտացման և այլն) օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմաններում կարող են նախատեսվել իրավական այլ ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել