Ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է Շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկի աշխատակից Մամիկոն Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում է ՇՄ նախարարի մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։
«Հարգելի գործընկերներ,
Խորը ցավով տեղեկացնում եմ, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է Շրջակա միջավայրի նախարարության «Դիլիջան» ազգային պարկի աշխատակից Մամիկոն Հովհաննիսյանը։
Նույն ավտովթարի հետևանքով ևս մեկ աշխատակից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Շրջակա միջավայրի նախարարության անունից խորին ցավակցություն ենք հայտնում Մամիկոն Հովհաննիսյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին՝ կիսելով նրանց վիշտը։
Մեր վիրավորված գործընկերոջը մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,-ասված է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Հաղարծին վանական համալիր տանող ավտոճանապարհին ավտովթար է տեղի ոջնեցել, կա զոհ և տուժած։
Պարզվել է, որ «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 200 մետր) և շրջվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ ուղևորին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Շտապօգնության աշխատակիցը արձանագրել է վարորդի մահը, փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: