«Եկեղեցին և իրավունքը» հարցազրույցների շարքի շրջանակում Iravaban.net-ը Արագածոտնի թեմի Տեղերի հովվության հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ահարոնյանի հետ զրուցել է «Հոգևոր ճգնաժամ» թեմայով։ Նրա խոսքով՝ հոգևոր ճգնաժամ ծագում է այն մարդկանց մոտ, ովքեր նախ և առաջ չեն ճանաչում իրենց ինքնությունը, չեն ճանաչում իրենց պապերի թողած ժառանգությունը։
«Հայ Առաքելական եկեղեցին ազգապահպանության գլխավոր դերակատարն է։ Ազգի հոգևոր մայրը Հայ Առաքելական եկեղեցին է՝ մասնավորապես հայ ժողովրդի կյանքում՝ լինի Հայաստանում, թե սփյուռքում։ Ինչքան էլ պտտվենք, կտեսնենք, որ հայ մարդը իր բոլոր առիթներին՝ ուրախ թե տխուր, հանդիպման վայր է ընտրում եկեղեցին։ Առանց փնտրելու ուզում ենք գտնել, առանց բախելու՝ ուզում ենք բացվի»,- ասում է նա։
Հոգևորականը նշում է՝ երբ նոր էր նշանակվել Տեղերի հովվության հոգևոր հովիվ, վանք էին այցելում մեկ-երկու հոգի, իսկ այժմ այնտեղ հոծ բազմություն կա։
«Առանց Քրիստոսի ապրելը նշանակում է ապրել միայն մարմնի համար, ապրել միայն ուտելու համար։ Մարդ արարածը բաղկացած է երկու էությունից՝ հավատանք, թե ոչ, ընդունենք, թե ոչ, դա անժխտելի է՝ մարմնից և հոգուց։ Ինչպես մարմինդ է ուզում սնվել, այնպես էլ հոգիդ։
Մարմնի կերակուրը հացն է, մտքի կերակուրը՝ գիրքը, իսկ հոգու կերակուրը՝ աղոթքն ու սուրբ հաղորդությունը։ Եթե Քրիստոսի մեջ չես, արդեն իսկ հոգևոր ճգնաժամի մեջ ես»,- ասում է նա և հորդորում երբեք չկտրվել արմատներից։
Մանրամասները՝ տեսանյութում։