Փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների ասոցիացիայի կառավարման խորհրդի նախագահ Հակոբ Ավագյանը այսօր՝ ապրիլի 25-ին, Կառավարության դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց, որ ընդունարանից իրեն փոխանցել են, որ իրենց նամակը սովորական ընթացակարգով մուտք է արվելու և կպատասխանի Ֆինանսների նախարարությունը, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շենքում չէ և չի կարող պատասխանել։
«Վարչապետը տեղյակ է, որ մենք գրել ենք, դիմել ենք և սպասում ենք պատասխանի, բայց, ցավոք սրտի, երկխոսությունը չի ստացվում։ Իսկ ինչո՞ւ ենք ուզում, որ հենց Կառավարության ղեկավարի հետ հանդիպենք, որովհետև բազմաթիվ հանդիպումների ընթացքում հասկանում ենք, որ վերջնական որոշում ընդունողը, ցավոք սրտի, Կառավարության ղեկավարն է»,-նշեց նա։
Հակոբ Ավագյանի խոսքով՝ օրենքները լավ մտածված չեն և բերելու են վատթարացման։ Հաշվապահների և իրավաբանների հարկային բեռի բարձրացումը բերելու է փոքր բիզնեսի բեռի բարձրացման։
Հիշեցնենք, որ Փոքր բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին իրականացնում շրջանառության հարկի 2025թ․-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած վատթարացնող դրույթների դեմ։ Նրանց են միացել նաև հաշվապահներ և իրավաբաններ։
Մանրամասները՝ տեսանյութում։