ՓՊ-ն անվճար իրավախորհրդատվություն կտրամադրի սիրիահայերին

Փաստաբանների պալատը մեկնարկում է «Սիրիահայերին իրավական աջակցություն» փաստաբանական ծրագիրը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Զինավոր Մեղրյանը:

«Ծրագրի նպատակն է Հայաստանում սիրիահայ փախստականներին իրավական իմաստով ինտեգրել՝ տրամադրելով անվճար իրավախորհրդատվություն: Երեկվանից մեկնարկել է ծրագիրը: Աշխատանքային օրերին՝ երկուշաբթից մինչև ուրբաթ, սիրիահայերը ժամը 9:00- 18:00 կարող են գալ  Փաստաբանների պալատ և ստանալ իրենց հուզող  հարցերի շուրջ իրավախորհրդատվություն»,- նշեց Զինավոր Մեղրյանը:

Նրա խոսքով՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ևս համապատասխան էջ է բացվել. ովքեր չեն կարող անձամբ գալ պալատ, ապա կարող են իրենց հարցերն ուղղել էջի միջոցով:

Երկուամսյա ծրագրիը բաղկացած է երկու փուլից: Առաջին փուլով Փաստաբանների պալատն իրականացնելու է սիրիահայերի անվճար իրավաբանական խորհրդատվություն: Որոշակի գործերով կարող են նաև դատական ներկայացուցչություն ապահովել:

Երկրորդ փուլով նախատեսվում է ամփոփել սիրիահայերին հուզող Հայաստանի օրենսդրությանը վերաբերող հարցերի շրջանակը, պատրաստել երկլեզու (արևելահայերեն և արևմտահայերեն) ձեռնարկ և այն անվճար տարածել սիրիահայերի շրջանում: Ծրագիրը ֆինանսավորվելու է Փաստաբանների պալատի բյուջեից:

Անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար սիրիահայերը կարող են զանգահարել (010)-56-07-76 (115) հեռախոսահամարով:

Նախատեսվում է ծրագիրն ավարտել 2014 թվականի ապրիլի 3-ին:

 

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել