Ապրիլի 12-ին Հյուսիսային կիսագնդում կլինի գարնան առաջին լիալուսինը․ Լևոն Ազիզյան

Ապրիլի 12-ին Հյուսիսային կիսագնդում կլինի գարնան առաջին լիալուսինը։ Երկրի վրայով կբարձրանա այսպես կոչված Վարդագույն Լուսինը։ Հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Նա նշել է, որ կախված մթնոլորտից՝ Երկրի բնական արբանյակը կարճ ժամանակով կարող է երևալ մի փոքր վարդագույն։ Սակայն ապրիլյան լիալուսինը այդպես է անվանվել ոչ թե այդ բնության երևույթի պատճառով, այլ Phlox subulata (սրատերև ֆլոքս կամ վարդագույն մամուռ) բույսի ծաղկման պատճառով, որը աճում է Հյուսիսային Ամերիկայի արևելքում։

Ապրիլյան լիալուսինն անվանում են նաև «Զատկական», քանի որ այն օգտագործվում է Զատկի ամսաթվի որոշման համար։ Այս տարի քրիստոնեական գլխավոր տոնը նշվելու է ապրիլի 20-ին։

Ապրիլյան լիալուսինը առանձնահատուկ է դարձնում նաև Լուսնի մոտ գտնվող մի աստղ՝ Սպիկա անունով։ Սպիկան Կույս համաստեղության ամենապայծառ աստղն է: Հյուսիսային Ամերիկայում Սպիկան տեսանելի կլինի Լուսնի վերևի ձախ կողմում։ Հարավային Ամերիկայի գրեթե ամբողջ տարածքից Սպիկան չի երևա, քանի որ այն կծածկվի Լուսնի կողմից։ Եվրոպայի բնակիչները Սպիկան կտեսնեն Լուսնից ներքև՝ ձախ կողմում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել