Անդրանիկ Քոչարյանի վարքի մասով Էթիկայի հանձնաժողով կստեղծվի․ ԱԺ աշխատակազմը դրական եզրակացություն է տվել

Ազգային ժողովի աշխատակազմը դրական եզրակացություն է տվել «ՔՊ» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մասնակցության միջադեպի մասով Էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը, հայտնում են Ազգային ժողովից:

Հարցը կընդգրկվի Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում, հիմնական զեկուցողը կլինի անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյաանը:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի հետ այս միջադեպը տեղի է ունեցել մարտի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Անդրանիկ Քոչարյանը կոշտ տոնով պահանջել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հեռանալ իր կողքից, հայտարարել, որ նա իրեն խանգարում է, սպառնացել է չհեռանալու դեպքում հարցազրույց չտալ նաև այլ լրագրողների, իսկ վերջում մեկնաբանություն արել լրագրողի շուրթերի մասին, ասելով՝ «շրթունքներդ մաքրի»:

Ավելի ուշ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում ներողություն խնդրել, որ իր ասածի մեջ վիրավորական ոչինչ չի տեսնում, և որ ինքը պարզապես հղում է արել Բագրատ Սրբազանին:

Դրանից հետո լրագրողները էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով ստորագրահավաք էին սկսել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել