Հայաստանյան հանրությունը ընդհանուր առմամբ հաշտ չէ արցախցիների նկատմամբ տարվող ատելության քարոզի հետ․ Գեղամ Ստեփանյան

Հայաստանյան հանրությունը ընդհանուր առմամբ հաշտ չէ արցախցիների նկատմամբ տարվող ատելության քարոզի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Մի կարևոր դիտարկում

ԱԺ նախագահը՝ իր «մնայիք, կռվեիք» արտահայտությունից հետո ստիպված եղավ խմբագրել իր ասածները, պատգամավորի եղբայրը «հա՞յ ես, թե ղարաբաղցի» ասելուց հետո ստիպված եղավ ինչ-որ արդարացումներ մոգոնել, Հանրային ռադիոյի տնօրենի կինը իր արցախատյաց գրառումից հետո ստիպված եղավ ներողություն խնդրել։

Այս ամենն արդյունք է հանրային դատապարտման և պարսավանքի։ Իսկ դա խոսում է այն մասին, որ հայաստանյան հանրությունը ընդհանուր առմամբ հաշտ չէ արցախցիների նկատմամբ տարվող ատելության քարոզի հետ։

Ուստի, սիրելի՛ արցախցիներ, երբեք ու երբեք չպետք է ընդհանրացնենք և ջուր լցնենք ատելություն գեներացնողների ջրաղացին։

Որքան էլ ֆեյքերով, տարաբնույթ լրատվականներով, մանր քարոզիչներիով փորձեն տարանջանտել ու ատելություն սերմանել, ես շարունակելու եմ շնորհակալություն հայտնել իմ հայրենակիցներին և մնալ այն համոզման, որ մեր միջև տարանջատումներ չպետք է լինեն։ Իմ համոզմունքը հիմնված է իմ ուսանողական ընկերների, իմ դասախոսների, իմ ընկերների և գործընկերների և շատ ու շատ մարդկանց վերաբերմունքի, սիրո և հարգանքի վրա»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել