«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ դատաքննությունն է կայացել․ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` որոշել է վերսկսել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի վերաբերյալ գործի վարույթը, գործով դատաքննությունը նշանակել ապրիլի 4-ին, 11։00-ին։ Iravaban.net-ին Սահմանադրական դատարանից հայտնում են, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը կասեցրել էր 2023թ. հուլիսի 7-ին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ մարտի 25-ի որոշումներից մեկով նշվում է, որ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի մասնակցությունը գործի քննությանն անհնարին է, քանի որ վերջինս կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի նկատմամբ, ինչպես նաև նա գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ ինքն անձամբ և իր մերձավոր ազգականը տնտեսական շահ ունեն` կապված վեճի էության հետ:

Նշենք, որ դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց է ներկայացրել նաև ընդդեմ Հրայր Թովմասյանի և նրա կնոջ։

Մեկ այլ որոշմամբ էլ ՍԴ-ն Դատական դեպարտամենտին է վերադարձնել այնտեղից ստացված նյութերը, քանի որ դրանք գործով հնարավոր որևէ ելքի համար նշանակություն չունեն։ Բացի այդ, դրանցում հիշատակված անձանց մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության՝ առանց իրավաչափ նպատակի անհամաչափ միջամտությունը բացառելու նկատառումով նշված նյութերը չեն ճանաչվել գործի նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել