«Կոմունիստական կուսակցության» քաղաքապետի թեկնածու, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:
Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից։
Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն է՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը` պատժվում է տուգանքով` տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ համացանցում էր հայտնվել Վարդան Ղուկասյանի ենթադրյալ մասնակցությամբ խոսակցության ձայնագրությունը, որում նա սպառնում է և պահանջում կանչել մի շարք մարդկանց՝ նշելով, որ վերջիններս խնդիրներ են ունենալու: