Խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի կանխարգելման հարցը պետք է մնա հանրային և իրավական ուշադրության կենտրոնում․ Մարիաննա Ավագյան

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությամբ հատուկ տեղ է հատկացված խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ պայքարին:

Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը խոշտանգումների դեմ պայքարում կարևոր քայլ է, սակայն իրականացման արդյունավետության տեսանկյունից դեռևս լուրջ մարտահրավերներ կան: Միջազգային իրավական չափանիշները և մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները պահանջում են համապարփակ և հետևողական մոտեցում խոշտանգումների կանխարգելման հարցում:

Ռազմավարությամբ նախատեսված 5 գործողություններից միայն մեկն է լիարժեք կատարված՝ ՀՀ քննչական կոմիտեի խոշտանգումների քննության մասնագիտացված ստորաբաժանման կարողությունների ամրապնդումը: Մնացած չորս գործողությունները՝ կապված իրազեկվածության բարձրացման և անանուն հաղորդումների համակարգի ներդրման հետ, մնացել են մասնակի իրականացված:

Պաստառների և սոցիալական հոլովակների միջոցով իրազեկվածության բարձրացումը, թեև դրական նախաձեռնություն է, սակայն ինքնին բավարար չէ: Իրավական տեսանկյունից առկա է հիմնարար խնդիր՝ բացակայում է հստակ մեխանիզմ, որով կչափվի այդ տեղեկատվական նյութերի որակական ազդեցությունը: Անհրաժեշտ է գիտական մեթոդաբանություն, որը կներառի հետազոտական գործիքներ՝ գնահատելու պաստառների և հոլովակների իրական ազդեցությունը հասարակական գիտակցության և վարքագծի փոփոխության վրա:

Առավել խորքային վերլուծությունը ցույց է տալիս, որ իրավակիրառ պրակտիկայում պաստառներն ու հոլովակները չեն ապահովում կանխարգելիչ գործառույթի լիարժեք իրականացում: Դրա ցավալի վկայությունն են վերջերս արձանագրված խոշտանգման դեպքերը, այդ թվում՝ Արցախից բռնի տեղահանված տղայի նկատմամբ իրականացված վերաբերմունքը: Այս դեպքը ցուցադրում է, որ տեղեկատվական քարոզչությունը չի կարող փոխարինել խոր համակարգային բարեփոխումներին:

Անանուն հաղորդումների ներկայացման հնարավորությունը, որը թվում է իրավաբանորեն կարևոր երաշխիք, իրականում դեռևս լիարժեք չի գործում: Անհրաժեշտ է ստեղծել բազմամակարդակ պաշտպանության համակարգ, որը կներառի՝ գաղտնիության ամբողջական ապահովում, հաղորդումների անկողմնակալ քննություն, ինչպես նաև հաղորդում տվողների լիակատար իրավական պաշտպանություն: Խոսքը ընդգրկում է բոլոր ազատությունից զրկման վայրերը՝ ներառյալ զինված ուժերը, ոստիկանությունը, հոգեբուժական հաստատությունները:

Կարևոր է գիտակցել, որ պաստառներն ու հոլովակները կարող են լինել միայն լրացուցիչ գործիք, այլ ոչ թե հիմնական մեխանիզմ: Իրական փոփոխությունները պահանջում են համապարփակ մոտեցում՝ ներառելով օրենսդրական բարեփոխումներ, կրթական ծրագրեր, դատական համակարգի արդիականացում, իրավապահ մարմինների վերապատրաստում և հասարակական գիտակցության փոխակերպում:

Արցախից բռնի տեղահանված տղայի նկատմամբ իրականացված խոշտանգումների դեպքը ցույց է տալիս, որ ներկա կանխարգելիչ իրավական համակարգն ունի լուրջ բացեր: Այս դեպքը հատկապես մտահոգիչ է իրավաբանական տեսանկյունից, քանի որ խոսքը գնում է արդեն իսկ խոցելի խմբի ներկայացուցչի մասին: Պաստառները և սոցիալական հոլովակները, թեկուզ առկա լինելու դեպքում, չեն կարող կանխարգելել նման դեպքերը, եթե չկան պատասխանատվության հստակ իրավական մեխանիզմներ և պատժի անխուսափելիություն:

Խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի կանխարգելման հարցը պետք է մնա հանրային և իրավական ուշադրության կենտրոնում: Այս դեպքը պետք է դառնա լուրջ ազդակ՝ ռազմավարության շրջանակներում նախատեսված գործողությունների լիարժեք կատարման և գործուն իրավական մեխանիզմների ներդրման համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել