Բաքուն դատապարտել է Եվրախորհրդարանում մարտի 13-ին ձայների մեծամասնությամբ ընդունված բանաձևը, որով եվրապատգամավորները պահանջել են անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել Բաքվում պահվող հայ ռազմագերիներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին:
Նաև, Եվրոպական խորհրդարանն ընդգծել է, որ հայերի դեմ դատավարությունները շինծու են և նվաստացուցիչ:
Միլի Մեջլիսը բողոքի նամակ է ուղարկել Եվրախորհրդարան: Այս մասին հայտնում են Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Միլի Մեջլիսին։ Ադրբեջանական կողմն անհիմն ու կողմնակալ է որակել բանաձևը, պնդել, թե իբր այն «ոտնահարում է ինքնիշխանության, օրենքի գերակայության և արդարադատության սկզբունքները»։
Միլի Մեջլիսն անհիմն է որակել նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակման և էթնիկ զտումների համար Ադրբեջանին ներկայացվող մեղադրանքները:
Ի պատասխան՝ Ադրբեջանը մեղադրել է Եվրախորհրդարանին երկրի ներքին գործերին միջամտելու համար՝ նշելով, թե Բաքուն հավատարիմ է տարածաշրջանային խաղաղության օրակարգին։