Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ մարտի 11-ին, դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի և նրան փոխկապակցված 7 անձանց՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական նիստը։
Նշենք, որ այս և մյուս նիստերին պատասխանողի ներկայացուցիչներն ամբողջությամբ առարկել են նիստի տեսանկարահանմանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին պատասխանողի ներկայացուցիչների կողմից փետրվարի 26-ին կայացած նիստին բերված միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց հայցվորի ներկայացուցիչ, Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Տիգրան Ենոքյանը։
Միջնորդությամբ պատասխանողը կողմը խնդրել է գործով արագացված դատաքննություն կիրառել։
Դատախազի պնդմամբ՝ ներկայացված միջնորդությունն անհիմն է այն պատճառաբանությամբ, որ սահմանադրական կարգավորումներն իրավասու մարմնին լիազորել են պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնել դատարան։ Նա հատկապես հղում կատարեց Սահմանադրության 176-րդ հոդվածի համապատասխան կարգավորումներին, որի 3-րդ մասի համաձայն՝ դատախազությունը բացառիկ դեպքերում և կարգով կարող է պետական շահերի պաշտպանության հայց ներկայացնել դատարան։
Նա նշեց՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումներով՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթում հայցվոր է հանդիսանում Գլխավոր դատախազությունը․ «Բողոքաբերի պնդմամբ՝ Գլխավոր դատախազությունը իրավասու չէ նմանատիպ հայցերով հանդես գալ որպես հայցվոր՝ հաշվի առնելով Սահմանադրությամբ դատախազությանը վերապահված առաքելությունը՝ հանդես գալու բացառապես պետության գույքային շահերի պաշտպանությամբ, իսկ գույքի ձեռքբերման օրինականության պարզումը չի մտնում սահմանադրաիրավական լիազորությունների մեջ»։
Պատասխանող Գագիկ Բադալյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը դատախազին հարցրեց՝ այսպիսի հայց ներկայացնելու համար որտեղ է երևում պետական շահը և դիրքորոշման մեջ ինչպես է դա բացատրվում, Ենոքյանն ասաց՝ պետական շահի պաշտպանության մասին գրավոր փաստաթղթում ներկայացվել է․ «Ես նորից եմ նշում՝ պետական շահը միշտ ապօրինի ակտիվները շրջանառությունից հանելն է, այսինքն՝ եթե ինչ-որ մի փուլում եղել են ապօրինի ակտիվներ, պետական շահը հենց այն է, որ դրանք պետք է շրջանառությունից դուրս բերվեն»։
Պատասխանող Միհրան Պողոսյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն ասաց՝ դատարանը կարող է գործը քննել, եթե կողմերն ունեն իրավական շահագրգռվածություն։ Ասաց՝ օրենքը դատախազությանը նմանատիպ հայց ներկայացնելու իրավունք է տրվել, և դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե բացի օրենքով նման իրավասություն ունենալուց առկա է նաև Քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածով նախատեսված հիմքը։
«Մենք ոչ թե խոսում ենք հանրային շահի մասին, որի շրջանակներում պետք է սահմանափակվի անձի սեփականության իրավունքը կամ առնվազն կասկածի տակ դրվի, այլ պնդումը հետևյալն է՝ երբ դատախազությունը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում, «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով նախատեսված հայց է ներկայացնում, ինքնին այն փաստը, որ այդ օրենքի շրջանակներում է, բավարար չէ»,-ասաց փաստաբանը։
Այստեղ, վերջինիս դիտարկմամբ, բացակայում է իրավական շահագրգռվածությունը, և պետությունն ի դեմ իրավասու մարմնի՝ կարող է դիմել դատարան, եթե առկա է այդ հանգամանքը։ Պատասխանողի ներկայացուցիչը հայտնեց՝ իրենք այն դիրքորոշմանն են, որ պետական շահերի պաշտպանության համատեքստում դիմումատուն պետք է ապացուցի՝ պետության պայմանագրով կամ օրենքներով սահմանված որևէ իրավունքի պաշտպանությամբ է ուզում զբաղվել։
Պնդելով իր դիրքորոշումը՝ դատախազը կողմին հիշեցրեց՝ միջնորդությունը բերվել է այն հիմքով, որ հայցը ոչ պատշաճ հայցվորի կողմից է ներկայացվել․ «Հիմա մենք ապացուցեցինք, որ հայցվորը պատշաճ է, դրա մասին է վկայում թե՛ Սահմանադրությունը, թե՛ «Դատախազության մասին» օրենքը, ասեմ ավելին՝ Քաղաքացիական օրենսգրքի 288․1 հոդվածի համաձայն՝ ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձվում է դատարանի վճռով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով»։
Նախագահող դատավոր Ռուդոլֆ Ավագյանը պետական շահերի պաշտպանության, հայցի ներկայացման իրավաչափության, հայցվորի՝ դատարան դիմելու իրավունքի վերաբերյալ պատասխանողի դիրքորոշումը ստանալու համար մի քանի հարցեր ուղղեց։
Պատասխանող կողմը կրկին նշեց, որ այս հայցով իրավասու մարմինը չի ներկայացրել, թե իրավական որ շահարգրգռվածությունն է դրվել հայցի հիմքում և օրենքով սահմանված որ իրավունքն է ուզում պաշտպանել։
Հակառակ պատասխանողի ներկայացուցչի այն դիրքորոշմանը, որ անհրաժեշտ է առանձին դատական ակտի ձևով որոշում կայացնել և ոչ թե նիստով, դատարանը հայտնեց՝ առանձին դատական ակտի ձևով որոշում կայացնելու անհրաժեշտությունը բացակայում է։
Լսելով կողմերի դիրքորոշումները և նշելով որոշման իրավական հիմքերը՝ դատարանը մերժեց պատասխանող կողմի ներկայացրած արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ միջնորդությունը՝ ընդգծելով, որ առկա չէ այն իրավիճակը, երբ հայցը ներկայացվի ոչ պատշաճ հայցվորի կողմից։
Պատասխանող կողմը խնդրեց սեղմ ժամկետում հետաձգել գործի քննությունը՝ լրացուցիչ վերլուծություն և առարկություններ ներկայացնելու համար։
Նիստը հետաձգվեց, հաջորդը տեղի կունենա ապրիլի 9-ին։
Մարիամ Շահնազարյան