Եղանակը՝ ամբողջ մարտ ամսին

2025թ. մարտ ամսին հանրապետությունում շարունակվում է ավելանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Զգալիորեն ավելանում է երկրի մակերևույթի կողմից ստացվող ջերմության քանակը: Փետրվարի համեմատությամբ մարտին օդի միջին ամսական ջերմաստիճանը բարձր է 3,9°C: Միջին տասնօրյակային ջերմաստիճանը առաջին տասնօրյակում կազմում է -3,2°C, երրորդ տասնօրյակում`+0,5°C: Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Միջին ամսական ջերմաստիճանը Գեղարքունիքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Կոտայքում բացասական է` -1…-4°C, Լոռիում (Տաշիրում` -3°C), Սյունիքի,  Արագածոտնի նախալեռներում` 0…+2°C, իսկ հանրապետության մնացած շրջաններում` +3…+8°C: Արարատի, Արմավիրի մարզերում, Սյունիքի հովիտներում և Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանի կայուն անցումը 0-ից բարձր տեղի է ունենում մարտի սկզբին, Լոռիում` երկրորդ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում,  Շիրակում`  երրորդ տասնօրյակներում:

Արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժումներով պայմանավորված մարտ ամսին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը առանձին տարիների հասել է  լեռնային շրջաններում` -28…-34°C, նախալեռներում` -24…-30°C, հովտային շրջաններում` -13…-17°C, Արարատյան դաշտում` -17…-25°C:

Մերձավոր Արևելքից և Միջերկրական ծովի շրջաններից արևադարձային տաք օդային զանգվածները բերում են ջերմաստիճանի զգալի բարձրացում:

Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության լեռնային շրջաններում առանձին տարիների հասել է` 19…22°C, նախալեռնային շրջաններում, Արարատյան դաշտում, Տավուշում` 23…27°C, Սյունիքի հովիտներում` 25…30°C:

Երևանի միջին ամսական ջերմաստիճանը 5,1°C է, առաջին տասնօրյակում` 3,0°C, երկրորդ տասնօրյակում` 5,0°C և երրորդ տասնօրյակում` 7,2°C: Ջերմաստիճանը Երևանի բարձրադիր և ցածրադիր  մասերում տարբեր է: Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1985թ. քաղաքի ցածրադիր մասերում` -25,2°C, բարձրադիր մասերում` -16,4°C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանները  1970թ.` 27°C և 2001թ.`  24.8°C :

Տեղումներով օրերի թիվը  հանրապետությունում կազմում է 9-13 օր (Արարատյան դաշտում` 6-8 օր): Ամսական տեղումների քանակը շրջանների մեծ մասում 28-45մմ, համեմատաբար շատ տեղումներ են դիտվում Կապանում` 60մմ, Ապարանում, Հրազդանում` 67մմ, Գորիսում` 75մմ: Տեղումների նվազագույն քանակը գրանցվում է Արարատյան դաշտում` 23-24մմ:

Ձնածածկի միջին բարձրությունը Արագած բ/լ կայանում կազմում է 160սմ, Ջերմուկում` 75սմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում` 50-65սմ, Շիրակում` 40-50սմ:

Հանրապետության նախալեռնային և հովտային շրջաններում  ձնածածկը վերանում է մարտի սկզբին, իսկ ձմեռների 50%-ի դեպքում կայուն ձնածածկը բացակայում է: Ձյան հալոցքը ինտենսիվ կերպով սկսվում է, երբ միջին օրական ջերմաստիճանը  գերազանցում է +30…+5°C:

Եղանակի վտանգավոր երևույթներից դիտվում է ուժեղ քամի, բուք, մառախուղ և ցրտահարություն:

Առանձին տաք տարիներին մարտի երրորդ տասնօրյակում ցածրադիր վայրերում դիտվում է ցրտահարություն`  800-1000մ բարձրության վրա ցրտահարությունները դիտվում են հիմնականում մարտի 21-28 ընկած ժամանակահատվածում:

Մարտի երրորդ  տասնօրյակում Արարատյան դաշտում ծիրանենին ծաղկում է: Վերջին 20-25 տարիների ընթացքում ծիրանենու ամենավաղ ծաղկումը եղել է 2010թ մարտի 12-14-ը:

Օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Մեզ սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել