Ալթայի Հանրապետությունում փետրվարի 15-ի առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը ռուս սեյսմոլոգները գնահատել են 6,4 բալ։
Երկրաշարժի էպիկենտրոնը, որը գրանցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 04:48-ին, գտնվել է Կոշ-Ագաչ գյուղից մոտավորապես 28 կիլոմետր դեպի արևմուտք, հայտնում է Interfax-ը` Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայան մասնաճյուղի զեկույցից։
Ցնցումները զգացվել են հարևան շրջաններում, այդ թվում՝ Ալթայի երկրամասում և Կեմերովոյի մարզում, Տուվայում, Նովոսիբիրսկում և Կրասնոյարսկում, որտեղից երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա։
Ալթայի Հանրապետության ղեկավար Անդրեյ Տուրչակը իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ տարածաշրջանի սոցիալապես նշանակալի բոլոր օբյեկտների ստուգում կկազմակերպվի հնարավոր վնասների գնահատման համար։ Նա հավելել է, որ հանրապետությունում բարձր զգոնության ռեժիմ է սահմանվել։
«Սոցիալական ցանցերում տեղեկություններ կան ավերածությունների մասին։ Դրանք ճիշտ չեն։ Խնդրում եմ բնակիչներին վստահել պաշտոնապես հաստատված տեղեկատվությանը և պահպանել հանգստություն»,- նշել է նա։