ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշանակվել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատորի պաշտոնակատար՝ հայտնել են Պետքարտուղարությունից:
Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմն առաջիկայում ուսումնասիրելու է կառույցի գործունեությունը և Միացյալ Նահանգների շահերին դրա համապատասխանությունը: Պետքարտուղարության ձևակերպմամբ՝ USAID-ն հեռացել է իր սկզբնական առաքելությունից, այն է՝ առաջ տանել ամերիկյան շահերն արտերկրում:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է վերանայել USAID-ի գործունեությունը և փոխանցել այն Պետքարտուղարության վերահսկողությանը: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ այժմ Վաշինգտոնում գործակալության աշխատակիցների մեծ մասն անցել է հեռավար ռեժիմի: