Բեռլինը նպատակաուղղված և հետևողականորեն խուսափում է Լենինգրադի շրջափակումը որպես Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանության ակտի ճանաչումից, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նա ողջ համաշխարհային հանրության համար ակնհայտ է անվանել գոյություն ունեցող պատմական փաստը, որ Լենինգրադի շրջափակումը «ոչ այլ ինչ է, քան Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն, աննախադեպ դաժանության աստիճանով»:
Իսկ պաշտոնական Բեռլինը, ըստ Զախարովայի, «վախենում է անգամ բարձրաձայն ասել ճշմարտությունը» և ժամանակ առ ժամանակ փորձում է թաքնվել պարզեցված ձևակերպումների հետևում։
Նա ընդգծել է, որ բոլորն արդեն բազմիցս կարդացել և լսել են դա․ «Եթե Գերմանիայի ԱԳՆ-ն հույս ունի այս կերպ կարող է պարզապես լռեցնել Գերմանիայի կողմից ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանության ճանաչման հարցը, ապա մենք շտապում ենք հավաստիացնել մեր գերմանացի գործընկերներին, որ նրանք չեն կարողանա դա անել»։
Ինչպես պարզաբանում է լրատվամիջոցը, դեռևս 2024 թվականի մարտին Բեռլինում Ռուսաստանի դեսպանատունը նոտա էր հղել Գերմանիային։ Ասվում էր՝ Մոսկվան պնդում է, որ Գերմանիան պաշտոնապես ճանաչի Երրորդ Ռայխի ոճրագործությունները և, մասնավորապես, Լենինգրադի շրջափակումը որպես ցեղասպանության ակտ։ Ապրիլին գործակալությունը համապատասխան հարցում էր ուղարկել Գերմանիայի ԱԳՆ, սակայն գերատեսչությունն այն թողել էր անպատասխան։
Հունվարի 28-ին Գերմանիայի ԱԳՆ-ն արձագանքել էր՝ կատարվածը որակելով «սարսափելի վայրագություն», որը կատարվել է Վերմախտի ուժերի կողմից և հանգեցրել է «անչափելի տառապանքների» և ավելի քան մեկ միլիոն մարդու մահվան։
Գերմանացի դիվանագետները ուղիղ պատասխաններ չեն տվել այն հարցերին, թե ինչպես են գնահատում շրջափակումը որպես ցեղասպանություն ճանաչելու պահանջը։