Ծանր մթնոլորտ, մեծաթիվ մտահոգություններ, խնդիրներ և վերջը չերևացող գործընթաց․ ԱԺ-ում անհետ կորած անձանց հարազատների հետ հանդիպում է եղել

ԱԺ փակ լսումների շրջանակներում մասնակցեցի անհետ կորած մեր հայրենակիցների հարցով քննարկմանը, որ շուրջ 5 ժամ տևեց` առանց ընդմիջման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Անհետ կորած զինծառայողների հարազատները, իրավապաշտպանները բավականին փաստարկված զեկույցներ և հարցադրումներ էին նախապատրաստել, և շատ դիտարկումների վերաբերյալ համապատասխան կառույցները կամ ասելիք չունեին կամ դրանք ակնհայտորեն չէին բավարարում թեմայի գլխավոր շահառուներին:

Առավելագույնը, ինչ արձագանքում էին տարբեր կառույցների ղեկավարները, ներկայացվող փաստերի, խնդիրների առնչության լրացուցիչ ճշտումներ անելն էր կամ նոր հանձնարարականների մասին հավաստիացումները: Տպավորություն էր ստացվում, որ կարծես պատերազմը նոր է ավարտել և անորոշությունների ու անհայտների վերաբերյալ նոր-նոր աշխատանք է նախաձեռնվում, այն էլ լավատեսություն չներշնչող խոստումներով:

Մի խոսքով, ծանր մթնոլորտ, մեծաթիվ մտահոգություններ, խնդիրներ և վերջը չերևացող գործընթաց: Միակ բանը, որ այդ ընթացքում անընդհատ մտքիս էր` անհետ կորած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների ծանր հոգեվիճակն ու ապրումներն էին, որոնցից շատերի հետ վաղուց շփումներ ունեմ ու նրանց ամուր կամք, համբերություն և ուժ եմ ցանկանում, որպեսզի այս դժոխային փուլը հաղթահարեն ու իրենց համառ ջանքերը նպատակին ծառայեն` հասարակական մեծ սատարմամբ ու մասնակցությամբ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել