Երևանի սրճարաններից մեկում ՌԴ քաղաքացի 22-ամյա Կիրիլ Ատաևը՝ «Ռիժուլյա» օգտանունով, TikTok-ի ուղիղ եթերում հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։
Հունվարի 26-ին նշված անձը խուլիգանության կասկածանքով ձերբակալվել է և ներկայացվել Քննչական կոմիտե:
Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Խուլիգանությունը` հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով, որը կատարվել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (Հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) հատկանիշներով: