Ես մեզ մեղադրում եմ վճռականության պակասի մեջ, մենք բավական վճռականություն չենք ունեցել բարեփոխումներ իրականացնել և մինչև վերջ տանլու համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց վարչապետ Նիկոկ Փաշինյանը՝ անդրադառնալով հարկային բեռի ավելացումներին։
«Ինքս ինձ համար որոշում եմ կայացրել, որ այդ վճռականությունը պետք է ցուցաբերել՝ առավել ևս ընտրությունների նախաշեմին, որովհետև ընտրությունների ընթացքում էլ պետք է հետ նայել և ասել՝ լավ, ի վերջո ի՞նչ արեցինք, ի՞նչ ինստիտուտներ կայացրեցինք»,-ասաց նա։
Վարչապետը նաև անդրադարձավ համընդհանուր հայտարարագրմանը։
«Համընդհանուր հայտարարագրի կարգավորումներից, եթե օգտվեն քաղաքցիները, ծախսերը ծախսագրեն, հաջորդ տարիներին, մինչև 70 միլիարդ դրամ մենք այդ համակարգով քաղաքացիներին կվերադարձնենք։ Կա պայման, որ մարդը եկամտային հարկ վճարող լինի և վճարած լինի, որ այդ ծախսերը նորմալ փաստագրվեն և ներկայացվեն համընդհանուր հայտարարագրում։ Այս վերադարձելի գումարները մենք համարում ենք սոցիալական կրեդիտներ։ Մենք մտածում ենք, որ բնակարանի ձեռք բերման դեպքում էլ պետք է սոցիալական կրեդիտ լինի, բայց հիմա այդ համակարգը ուրիշ ձևով գործում է։ Սակայն պետք է հայտարարագրեը լինեն, որ մենք հասկանանք այս ծախսերի իրական չափը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այն ինչ անում են հիմա մարդիկ հայտարարագրման համար, դա ներդրում է իրենց կյանքի համար։
«Մենք որոշում ենք կայացրել էլեկտրոնային ստորագրության ստացման համար վճարները չեղարկել։ Այսինքն էլեկտրոնային ստորագրություն ստանալու համար 3000 դրամ վճար էր նախատեսված, դա կհանենք։ Բայց շատ կարևոր է, որ մարդը ընկալի սա, որպես ներդրում իր հետագա կյանքի կազմակերպման համար։ 21-րդ դարում առանց նույնականացման քարտի արդեն հնարավոր չի լինելու արդյունավետ գործունեություն ծավալել»,-ասաց վարչապետ։