«Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածը՝ քննության առարկա․ ՍԴ-ն գտել է՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման

Սահմանադրական դատարանը հունվարի 21-ին աշխատակարգային որոշում է հրապարակել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա 06.04.2023 թվականին գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։

Նշենք, որ դիմումը մուտքագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 26-ին, այն ներկայացնելու համար հիմք է հանդիսացել հակակոռուպցիոն քաղաքացիական գործով ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ղեկավարի, մասնակցությամբ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Իրինա Վալտերի Բաբոյանի, Հրաչ Թէրեզեանի, Արա Ժանի Առաքելեանի, Կադաստրի կոմիտեի՝ հողամասի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջները։

Այն ներկայցվել է Սահմանադրական դատարան՝ մինչև 06.04.2023 թվականը գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի (այնքանով, որքանով չի նախատեսել դատախազության կողմից համայնքային շահերի պաշտպանության հայցի հարուցման լիազորություն)` ՀՀ Սահմանադրության 4-րդ, 6-րդ հոդվածներին, 176-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Նախքան որոշմանն անդրադառնալը, Iravaban.net-ը ներկայացնում է՝ ինչ կետերի է ուշադրություն դարձրել ՍԴ-ն, ինչ հիմքեր ու հիմնավորումներ է ներկայացրել Դատարանը՝ որոշումը կայացնելու համար։

ՍԴ-ն նախ անդրադարձել է Դիմողի ներկայցրած հիմնավորումներին, որով վերջինս մատնանշել է՝ Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, դրանց հիման վրա նշել հետևյալը․

1. դատախազությունն ունի պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու սահմանադրական լիազորություն,
2. դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունը ոչ թե ընդհանուր սահմանադրական լիազորություն է, այլ բացառիկ: (…) ,
3. դատախազության՝ պետական շահերի պաշտպանության լիազորությունը ծագում է միայն այն դեպքում, երբ օրենքում սահմանված են որոշակի բացառիկ դեպքեր, ինչպես նաև սահմանված են որոշակի բացառիկ կարգեր նշված լիազորության իրականացման համար: Այսինքն, եթե օրենքներում բացառիկ դեպքեր և բացառիկ կարգեր սահմանված չեն, Սահմանադրության իմաստով դատախազության՝ պետական շահերի պաշտպանության լիազորությունը չի ծագում,

Դիմողը (Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը) ընդգծել է, որ «(…) մինչև 06.04.2023 թվականը գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածն այնքանով, որքանով չէր նախատեսում դատախազության կողմից համայնքային շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության բացառիկ դեպքեր և կարգ, հակասում է.

1. Սահմանադրության 4-րդ հոդվածին, քանի որ նշված սահմանադրական մարմնի՝ դատախազության լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ, սակայն ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքի նախագծի ընդունման հիմնավորումներից հետևում է, որ օրենսդիր իշխանությունը մինչև 06.04.2023 թվականը գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով սահմանել է այլ՝ առավել նեղ լիազորություն: Այսինքն՝ մինչև 06.04.2023 թվականը գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով օրենսդիրը սահմանափակել է դատախազության սահմանադրական լիազորությունները:

2. Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ նշված հոդվածով նախատեսված օրինականության ընդհանուր սկզբունքը նշանակում է, որ սահմանադրական մարմնի սահմանադրական լիազորությունները պետք է առնվազն նույն կերպ ամրագրված լինեին նաև օրենքով: Այսինքն՝ մինչև 06.04.2023 թվականը գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում դատախազության սահմանադրական լիազորության ոչ լիարժեք ամրագրումը հակասում է օրինականության ընդհանուր սկզբունքին:

3. Սահմանադրության 176-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերին, քանի որ հոդվածի նշված մասերով նախատեսված «պետական շահեր» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունն իր մեջ ներառել է նաև «համայնքային շահերը», Սահմանադրությունը թույլ չի տվել օրենսդրին օրենքով «պետական շահեր» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը ենթարկել փոփոխության, այլ թույլատրել է օրենքով սահմանել միայն Սահմանադրության իմաստով պետական շահերի պաշտպանության բացառիկ դեպքերը և բացառիկ կարգը, մինչդեռ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-104-Ն օրենքի նախագծի ընդունման հիմնավորումներից հետևում է, որ մինչև 06.04.2023 թվականը գործող խմբագրությամբ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը «պետական շահեր» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը փոփոխել է՝ սահմանափակելով դատախազության լիազորությունները»:

 Ուսումնասիրության առարկա դարձնելով ներկայացված դիմումը՝ ՍԴ-ն գտել է, որ այս դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով։

Դատարանը վերահաստատել է, որ Սահմանադրի կողմից դատարաններին՝ սույն սահմանադրաիրավական իրավասությամբ օժտելու հիմնարար նպատակը հանգում է դատարանների կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն, որպիսի պարագայում կոնկրետ սահմանադրական վերահսկողությունը կարող է իր նպատակին ծառայել, ի թիվս այլնի, նաև այն դեպքում, երբ դատարանները Բարձր դատարան ներկայացվող դիմումներում հիմնավորեն.

1) տվյալ գործի՝ իրենց վարույթում գտնվելու հանգամանքը,
2) վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալը: Այլ խոսքով՝ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի՝ Սահմանադրությանը ենթադրյալ հակասության պատճառաբանված դիրքորոշումը՝ հիմնված ներքին համոզման վրա,
3) տվյալ գործի՝ միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով լուծելու հնարավորությունը:

Սահմանադրական դատարանը շեշտել է, որ դիմումը չի պարունակում դատարանի՝ վիճարկվող դրույթի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ, որոնք բավարար կլինեն Դատարանին եզրահանգելու, որ դիմումը հաղթահարում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պահանջը:

Ավելի մանրամասն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել