Վլադիկավկազցի գործարար Օլեգ Գուսովի՝ «Ջերմուկ» հանքային ջրի շշից խմելուց հետո մահվան դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը կասեցվել է, РИА Новости-ին հայտնել է ընտանիքի փաստաբան Այրատ Խիկմատուլինը։
«Քրեական գործը կասեցվել է: Որքանով տեղյակ ենք՝ հետաքննությունը հարցումներ է ուղարկել Հայաստան դեռևս անցյալ տարվա մայիսին, սակայն պատասխանող կողմն անտեսում է այդ հարցումները, թեև ընկերությունը պետք է շահագրգռված լինի լիարժեք քննությամբ և իր հեղինակությամբ», – ասել է փաստաբանը:
Հիշեցնենք՝ ռուսական լրատվամիջոցներով ավելի վաղ հայտարարվել էր, որ «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության դեմ հայց է ներկայացվել։ Ընկերությունից հայտնել են՝ չի հիմնավորվել, որ ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակիչ Օլեգ Գուսովի մահը վրա է հասել «Ջերմուկ» հանքային ջուր խմելու կամ գործարանային արտադրության շշալցված «Ջերմուկ» հանքային ջրի շշի պարունակությունը խմելու արդյունքում:
«Մահացած անձի ընտանիքի անդամների կողմից ներկայացված հայցը ամբողջությամբ անհիմն է, քանի որ բացառվում է կապը «Ջերմուկ» հանքային ջրի և ՌԴ Վլադիկավկազ քաղաքի բնակչի հետ տեղի ունեցած ցավալի դեպքի միջև, հետևաբար և բացառվում է «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության մեղքը»,-նշվում էր ընկերության հայտարարության մեջ։