Հակակոռուպցիոն քրեական դատարանում հունվարի 20-ին շարունակվեց Քննչական կոմիտեի նախկին նախագահ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորը Տիգրան Դավթյանն է։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այս նիստին դատարանում հարցաքննվեց վկա Մանվել Ղարիբյանը, որը եղել է «Երևան» հեռուստաընկերության սեփականատերերից մեկը, մյուս եղել է վերջինիս եղբայրը՝ Վարշամ Ղարիբյանը։
Ըստ մեղադրանքի՝ «Երևան» հեռուստաընկերության նախկին սեփականատեր Վարշամ Ղարիբյանից տեղեկանալով նրա վերաբերյալ քրեական գործերի առկայության մասին, Աղվան Հովսեփյանը նրանից որպես կաշառք պահանջել է հեռուստաընկերության 50 տոկոս բաժնետոմսերը, որոնք ստանալուց հետո դրանք նվիրաբերել է որդուն:
Դատախազ Կորյուն Սերոբյանն ասաց, որ վկայի ցուցմունքներում կան հակասություններ։
«Առաջին հակասությունը․ ասել եք, որ առանձնատունը Դուք եք ձեռք բերել, հետագայում Աղվան Հովսեփյանի պահանջով տվել եք իրեն, գումարային պահանջ եք ունեցել։ Երկրորդ հարցաքննության էլ ասում եք՝ դա մենք միասին ենք արել՝ հայրենակցական միության համար։ Դե հիմա ասեք՝ ինչի է տարբե՞ր»,-նշեց դատախազը։
Վկան ասաց, որ դա իրենց անձնական խնդիրն է և հարցրեց, թե դա ի՞նչ կապ ունի քրեական գործի հետ․ «Մեր անձնական խնդիրն է, ասել եմ՝ ընկերներ ենք։ Ի՞նչ ենք արել, ո՞նց ենք արել․․․»։
Դատավորի հարցին, թե արդյոք ինքն է ձեռք բերել առանձնատունը, վկան դրական պատասխան տվեց և հավելեց՝ Աղվան Հովսեփյանի հետ։
Նախագահող դատավորը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ի սկզբանե այդ հանգամանքի մասին չի խոսել։
«Դե հիմա, հարց չեն տվել, չեմ նշել, չեմ մտածել, որ իրականությանը պետք է դա։ Կարեն Արամյանն էլ կարա գա, ստեղ ասի, որ իրար հետ գնացել ենք Աղվան Հովսեփյանի տունը ու այդ հարցը քննարկել ենք, որոշել ենք, լուծել ենք այդ խնդիրը։ Հանուն այլ-այլ գործերի՝ գնել ենք»,-ասաց վկան։
Մեղադրող կողմը շարունակեց ներկայացնել վկայի հարցաքննության և դատարանում տված ցուցմունքների միջև հակասությունները՝ ընդգծելով, որ առաջին հարցաքննության ժամանակ վկան հայտնել է, որ հողամասը ի սկզբանե իրենն է եղել, ասել է, որ գրանցեն Վարշամ Ղարիբյանի անունով և հետագայում չի հետաքրքրվել՝ ինչ է եղել, եկել են իր աշխատակիցները և ասել են, որ Վարշամ Ղարիբյանը (վկայի եղբայրը) հողամասը վաճառել է, հետո իմացել է, թե ում։
«Ընդ որում նշել եք՝ դե հիմա իր հողն է, ինքը գիտի։ Երկրորդ հարցաքննության ժամանակ ասել եք, որ «Ապարան» հայրենակցական միության համար էր ձեռք բերվել հողը, մինչ այդ քննարկել էինք Աղվան Հովսեփյանի հետ, Վրեժն էլ էր միության մասնակից, քանի որ վեճ կար, որոշեցին Վրեժի անունով գրանցել այդ հողը։ Հակասությունը պատկերացրեցի՞ք՝ որն է։ Հիմա կպարզաբանե՞ք ինչ է փոխվել»,-հետաքրքրվեց դատախազը։
Վկան նշեց, որ հողը իր եղբոր, Վարշամ Ղարիբյանի հետ կապ չունի․ «Իմ հողն ա, ըտենց էլ կա, Վարշամը տեղյակ չի, չգիտի էլ՝ ինչ ենք արել, ոնց ենք արել։ Իմ հողն ա եղել, ես եմ առել։ Նախագահն էլ եղել է Վրեժ Մարկոսյանը, ես էլ եղել եմ միության անդամ, խորհրդի անդամ, էդ խնդիրները մենք մեր մեջ լուծել ենք։ 12-13 հեկտար հողը վերցնում էինք, որ տուն սարքեինք միության համար։ Բայց հետագայում հանգամանքներ են փոխվել, իմ եղբայրը հրաժարվել է եղբայր լինելուց, խնդիրների լուծումից։ Ի՞նչ ասեմ, որ հրաժարվել է»․-ասաց վկան։
Դատախազը հետաքրքրվեց, թե ինչ հարաբերություններ ունի վկան եղբոր հետ։
«Թշնամական, վատ հարաբերություններ են, իրա ուզածով, ինքը ոնց ուզում ա, տենց ա։ Հանցագործն ինքն ա, սաղին սարքել ա հանցագործ»,-նշեց նա։
Դատախազի դիտարկմանը, թե արդյոք ցուցմունքները կապված են այդ թշնամական հարաբերությունների հետ, որպեսզի վատություն անի եղբորը, վկան ասաց, որ կապ չունեն։ Աղվան Հովսեփյանը վկային հարցրեց, որ եթե հեռուստաընկերությունը եկամուտներ չի բերել, ապա ինչո՞վ կարող էին իրեն կաշառել։
«Ես տեղեկություն չունեմ ու չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում հեռուստաընկերությունը վաճառվի, մարդն իրա գումարը վերցնի, դա լինի կաշառք, ի՞նչ կաշառքի մասին է խոսքը։ Վարշամին փետով տփես, 100 դոլար մեկին չի տա, դա եղա՞վ կաշառք տվող»,-նշեց Մանվել Ղարիբյանը։
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը վկայից հետաքրքրվեց, թե արդյոք ընկերության մեջ Աղվան Հովսեփյանը շահարկել է իր՝ Գլխավոր դատախազ լինելը։
«Մի բան ասեմ, բայց խնդրում եմ չշահարկվի։ Եղել է դեպք, բաղնիքում լողանում էի, պարոն Հովսեփյանը գալիս էր տուն, որ գնայինք ընդմիջում անեինք, դուռը թխկացնում էր, ասում էի՝ ո՞վ է, ասում էր՝ թաղայինը։ Նույնիսկ այդ ժամանակ էլ չի ասել՝ Գլխավոր դատախազն է։ Այդպիսի դեպք չի եղել, որ ինքը որևէ մեկին ասի՝ ես Գլխավորն եմ»,-ասաց վկան։
Հանրային մեղադրող ասաց, որ միջնորդում է, որպեսզի վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակվի, քանի որ նախաքննության ընթացքում և դատաքննության ընթացքում վկայի կողմից տրվել են հակասական ցուցմունքներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հասմիկ Սարգսյան