Սահմանադրական դատարանը ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության համապատասխանության վերաբերյալ դիմումի համաձայն որոշում է հրապարակել։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ 117-րդ հոդվածը սահմանում է որդեգրողի և որդեգրվող երեխայի միջև տարիքային տարբերությունը, ու ըստ 1-ին մասի՝ 1. որդեգրողի և որդեգրվողի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան որդեգրվում է որդեգրելու նախապատվության իրավունք ունեցող անձանց կողմից:
Ի՞նչ դիրքորոշում է հայտնել դիմողը՝ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը
Դիմողը գտել է, որ «ՀՀ ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը, այնքանով, որքանով դատարանին (իրավասու մարմնին) հնարավորություն չի տալիս բացահայտել և գնահատել կոնկրետ գործով երեխայի լավագույն շահը և բացառիկ հիմքերի առկայության դեպքում չկիրառել որդեգրողի և որդեգրվողի միջև «50 տարուց ոչ ավելի» տարիքային տարբերության առավելագույն շեմի սահմանափակումը, խնդրահարույց է երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը առաջնահերթ ուշադրության արժանացնելու Սահմանադրական սկզբունքի տեսանկյունից (…)»:
Դիմողի կարծիքով՝ «տարիքային տարբերությունը (խոսքը վերաբերում է տարիքային տարբերության առավելագույն շեմին) կարող է որդեգրման հաստատման պահանջը մերժելու հիմք հանդիսանալ, միևնույն ժամանակ այդ տարբերության ազդեցությունը պետք է քննարկման առարկա դարձվի երեխայի շահերին վերաբերող ուշադրության արժանի մյուս հանգամանքների համադրման և գնահատման համատեքստում, որի իրականացման հնարավորությունը բացառվել է վիճարկվող նորմով»:
Նաև նշվել է, որ Օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով հնարավորություն չի տալիս բացահայտել և գնահատել կոնկրետ գործով երեխայի լավագույն շահը և բացառիկ հիմքերի առկայության դեպքերում չկիրառել որդեգրողի և որդեգրվողի միջև «50 տարուց ոչ ավելի» տարիքային տարբերության սահմանափակումը, խնդրահարույց է երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերն առաջնահերթ ուշադրության արժանացնելու սահմանա դրական սկզբունքի առումով:
Ի՞նչ դիրքորոշում է հայտնել պատասխանողը՝ Ազգային ժողովը
Ազգային ժողովը, վկայակոչելով Սահմանադրության 36 և 37-րդ հոդվածների, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի վերաբերելի դրույթները, մեջբերելով Օրենսգրքի վիճարկվող դրույթով սահմանված և այլ համապատասխան իրավակարգավորումները, Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, մասնավորապես, նշում է. «Մի շարք դեպքերում օրենսդիրը դատարաններին երեխայի լավագույն շահով պայմանավորված հնարավորություն է տվել շեղվել օրենքով սահմանված կանոնից, այդ մասին նշելով համապատասխան նորմում, մինչդեռ խնամատար ծնողի ընտրության կարգի հստակեցումը պետք է թույլ տա ողջամտորեն վստահ լինել, որ ընտրվել է այնպիսի խնամատար, ով ունի բավարար ունակություններ և հնարավորություններ երեխայի դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման մասին հոգ տանելու համար: Երեխաներ դաստիարակելիս տարեց ծնողները բախվում են ժամանակի ընթացքում առաջ եկող մի շարք դժվարությունների, որոնք կարող են խնդիր չհանդիսանալ որդեգրման պահին, սակայն ժամանակի ընթացքում խոչընդոտ հանդիսանան երեխայի խնամքի և զարգացման հարցում: Ուստի դատարանը գործնականում չի կարող տվյալ ժամանակահատվածում ճիշտ գնահատել երեխայի լավագույն շահը՝ օբյեկտիվորեն կանխատեսել երկարաժամկետ մարտահրավերները»:
Պատասխանողն արձանագրել է՝ տարիքային շեմի սահմանումը հիմնված է օբյեկտիվ և ողջամիտ չափանիշների վրա՝ նպատակ ունենալով հասնել օրինական նպատակի՝ հավասարակշռել երեխայի լավագույն շահը և որդեգրողի ֆիզիկական ու մտավոր կարողությունները, ծնողական իրավունքների արդյունավետ իրացումը՝ ապահովելու երեխայի կարիքները վերջինիս զարգացման տարբեր փուլերում, ինչը պետք է բացառի դատարանի անհատականացված դատողությունները՝ հաշվի առնելով երկարաժամկետ հեռանկարում հնարավոր խոչընդոտների ի հայտ գալու բարձր ռիսկայնությունը (տարիքային սահմանափակումների վերաբերյալ որոշումները հաճախ հիմնված են գիտական ապացույցների, բժշկական փորձաքննությունների վրա):
Հաշվի առնելով վերոնշյալը՝ պատասխանողը պնդել է, որ «տարիքային սահմանափակումը հիմնավոր է, այն նպատակ է հետապնդում բացառապես ապահովելու երեխայի լավագույն շահը և բխում է որոշակի սոցիալական երաշխիքների ապահովման սկզբունքներից»:
Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
Ուսումնասիրելով դիմումը և գործի մյուս նյութերը՝ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ երեխայի՝ իրեն վերաբերող հարցերում իր շահերն առաջնահերթ ուշադրության արժանացվելու իրավունքի ապահովման նպատակով օրենսդիրը, որդեգրման իրավահարաբերությունների կարգավորման շրջանակներում, որդեգրելու նախապատվության իրավունք չունեցող անձանց կողմից որդեգրվելու համար սահմանել է տարիքային առավելագույն տարբերության հիմքով որդեգրման արգելք, որով կանխվում է երեխայի որդեգրումը՝ որդեգրման ցանկություն ունեցող անձի կողմից՝ անկախ գործով որևէ այլ հանգամանքից:
ՍԴ արձանագրել է, որ վիճարկվող դրույթի ընդունման հիմքում դրվել է թեկուզ ողջամիտ հավանականությունների վրա հիմնված, սակայն դատական ճանաչողությամբ ստուգման ոչ ենթակա կանխավարկած: Մյուս կողմից՝ դատարանը գտել է, որ քննարկվող արգելքով օրենսդիրը փորձ է արել երեխայի լավագույն շահերի իրացումն ապահովող առավել արդյունավետ կարգավորում նախատեսելու:
Դատարանն անհրաժեշտ է համարել դիտարկել, թե արդյոք երեխայի՝ քննարկվող իրավունքի վիճարկվող կարգավորման հիմքում ընկած իրավաչափ մտահոգությունների փարատման վիճարկվող եղանակը՝ վերապահումներ չնախատեսող որդեգրման արգելքի սահմանման տեսքով, համապատասխանում է Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին այն տեսակետից, որ երեխան զրկվում է իրեն առնչվող կոնկրետ գործով բոլոր հանգամանքները դատարանի կողմից գնահատման ենթարկվելու հնարավորությունից: Այլ կերպ՝ արդյո՞ք երեխայի լավագույն շահերին համապատասխանում է այն կարգավորումը, որի հիմքում ընկած է օրենսդրի կանխատեսած՝ նման որդեգրմամբ երեխայի համար առաջացող բացասական հետևանքների հավանականությունը՝ որպես յուրաքանչյուր կոնկրետ դեպքում արդեն իսկ իրողություն կամ փաստ գնահատելը՝ զրկելով դատարաններին տվյալ երեխային առնչվող կոնկրետ գործով նման հավանականության նյութականացման անխուսափելիությունը գնահատելու հնարավորությունից:
Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵԼ է․
1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր այն մասով, որ որդեգրելու նախապատվության իրավունք չունեցող անձի և որդեգրվողի միջև տարիքային առավելագույն տարբերությամբ պայմանավորված որդեգրման արգելք սահմանելով, այդ արգելքից որևէ բացառություն չի նախատեսում՝ իրավակիրառին զրկելով յուրաքանչյուր կոնկրետ գործի բոլոր հանգամանքները` երեխայի լավագույն շահերը հաշվի առնելու հնարավորությունից:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ։
Մարիամ Շահնազարյան