Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը Կրեմլում բանակցություններից հետո համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին, հայտնում է РИА Новости-ն։
Նոր համաձայնագրի վրա աշխատանքները տարվում են 2022 թվականից՝ անցյալ տարվա հունիսին հայտնի դարձավ, որ կողմերը համաձայնության են եկել դրա տեքստի շուրջ։ Ինչպես ավելի վաղ նշել էր Կրեմլը, այս փաստաթուղթն արտացոլում է երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի բարձրացումը։
Վլադիմիր Պուտինն իր ելույթում նշել է, որ համաձայնագիրը հավակնոտ նպատակներ է դնում, այն իսկապես բեկումնային փաստաթուղթ է երկու երկրների և ողջ տարածաշրջանի կայուն զարգացման համար։
Արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ նոր պայմանագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ։ ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ այն կառուցողական է և ուղղված է Ռուսաստանի և Իրանի կարողությունների ամրապնդմանը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ասել է, որ համաձայնագիրը ներառում է երկու երկրների համագործակցության բոլոր ասպեկտները։ Ըստ նրա՝ սա ոչ միայն քաղաքական փաստաթուղթ է, այլեւ ապագայի ճանապարհային քարտեզ։