Զինվորներին կտրվի լրացուցիչ արձակուրդ․ նախագիծ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացել նախագիծ, որով  նախատեսվում է ավելացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները և նրանց համար լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդում ընդունելու կապակցությամբ։

Iravaban.net-ի փոխանցմամբ կկատարվի այլ փոփոխություն ևս։ Մանավորապես՝ ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաների համար գործող ծառայողական բնակարաններով ապահովման համակարգը կփոխարինվի իրենց կարիքներին համահունչ պետական բյուջեի միջոցների հաշվին հիփոթեքային վարկավորմամբ սեփականության իրավունքով բնակելի անշարժ գույք ձեռք բերելու իրավունքով:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծում առաջարկվում է հետևյալ փոփոխությունները․

«Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի 28-րդ հոդվածում.

           1) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը.

           2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

           «4. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրվում է ընդհանուր 21 օրացուցային օր ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում ծառայություն անցնող շարքային կազմի պարտադիր զինծառայողներին՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով՝ զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) հրամանով: Շարքային կազմի պարտադիր զինծառայողին հիմնական արձակուրդը տրվում է երեք հավասար մասերով՝ օրացուցային տարվա համար սահմանված արձակուրդների տրման ժամանակացույցի համաձայն, ընդ որում, հիմնական արձակուրդի առաջին մասը տրվում է ծառայության հինգ օրացուցային ամիսը լրանալուց հետո: Արձակուրդների տրման ժամանակացույցը կազմելիս հիմնական արձակուրդի տրման հերթականությունը որոշվում է` հաշվի առնելով զորամասի (զինվորական կառավարման մարմնի) մարտական պատրաստության ապահովման շահերը և զինծառայողի բարեխիղճ ծառայությունը: Սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ  սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված 12 ամիս ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրվում է միանվագ 10 օրացուցային օր ժամկետով՝ ծառայության հինգ օրացուցային ամիսը լրանալուց հետո:».

           3) լրացնել 6.1-ին մաս՝ հետևյալ բովանդակությամբ.

           «6.1. Շարքային կազմի պարտադիր զինծառայողներին տրվում է նաև 2 օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ՝ զինվորական երդում տալու կապակցությամբ:»:

           Հոդված 2. Օրենքի 65-րդ հոդվածի 2.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

            «2.1. Ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներն օգտվում են պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից: Պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Սույն մասի համաձայն բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման նպատակով կնքված հիփոթեքային վարկավորման ընթացքում մինչև սույն մասում նշված զինծառայողի հետ կնքված զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը լրանալը զինծառայողին պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու դեպքում, բացառությամբ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով կամ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու և օրենքով սահմանված կարգով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհվելու (մահանալու) հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու դեպքերի, դադարում է ձեռք բերված բնակարանի կամ բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը և դրա նկատմամբ գրանցվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը: Սույն մասով սահմանված պայմանները ենթակա են ներառման հիփոթեքային վարկավորման պայմանագրում:»

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 28-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջների համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինծառայողներին հիմնական արձակուրդ տրվում է ծառայության ընթացքում մեկ անգամ` ոչ պակաս, քան հինգ ամսվա օրացուցային ծառայության դեպքում՝ շարքայինի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին` 10 օրացուցային օր, իսկ կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ունեցող զինծառայողներին` 15 օրացուցային օր ժամկետով, ինչպես նաև արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար անհրաժեշտ ժամանակ` մինչև երկու օրացուցային օր ընդհանուր ժամկետով: Ներկայումս Կառավարության քաղաքականությունն ուղղված է զինվորական ծառայության շահադրդման թե նյութական, և թե բարոյահոգեբանական մեխանիզմների խթանմանը, զինծառայության գրավչության, զինծառայողների իրավական և սոցիալական երաշխիքների ավելացման գործընթացի ապահովմանը: Այդ առումով, առանց տարանջատելու կոչումային կազմերը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողներին ծառայության ընթացքում տրվող արձակուրդի ժամկետների ավելացումը, այդ թվում նաև լրացուցիչ արձակուրդի տրամադրման միջոցով զինվորական երդման արարողության արժևորումն էական ազդեցություն կունենան զինծառայության գրավչության, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի և կարգապահության ամրապնդման վրա:

Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել սահմանային զորամասերում պարտադիր զինվորական ծառայությունն արժևորելու նպատակով՝ այդպիսի զորամասերում պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողների համար սահմանել հիմնական արձակուրդի ավելի երկար ժամկետ, որի հիման վրա առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինծառայողներին ծառայության ընթացքում հիմնական արձակուրդ տրամադրել ընդհանուր 21 օրացուցային օր ժամկետով, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում ծառայություն անցնողներին՝ ընդհանուր 30 օրացուցային օր ժամկետով՝ դրանք տրամադրելով ծառայության ընթացքում երեք հավասար մասերով, հանել արձակուրդի անցկացման վայր մեկնելու և այնտեղից վերադառնալու համար նախատեսված երկու օրացուցային օրերի տրամադրումը և երկու օրացուցային օր ժամկետով լրացուցիչ արձակուրդ սահմանել զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ:

Առավել մանրամասն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել