Այսօր մեր պայքարի հզոր ընկերոջ՝ Մհեր Սահակյանի մարմինը հանձնեցինք Մայր հողին, այն հողին, որի պաշտպանության անձնուրաց մարտիկն ու գաղափարական նվիրյալն էր ինքը։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Արցախյան պատերազմների օրերին որպես կամավոր ՀՅԴ ստորաբաժանման կազմում մեկնելով Արցախ՝ նա զենքը ձեռքին առաջին գծում էր, մեր հերոս հրամանատարների ու զինվորների կողքին։ Նա միշտ էր պայքարի առաջին գծում։ Եվ պատերազմից հետո, հարաբերական խաղաղության պայմաններում Մհերը նաև բացահայտ պատերազմ հայտարարեց հայի էությունն ու գենը, Հայաստանի ու Արցախի հազարամյա պատմությունը ջնջել ցանկացող, մեր պետության անվտանգությանը սպառնացող ներքին հանցավոր ուժերին։ Դառնալով պատգամավոր՝ նա Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրեց հարցեր, որոնցից յուրաքանչյուրը մարտահրավեր էր՝ մեր պետության անվտանգության, լինելիության վերաբերյալ, հարցեր, որոնք մտահոգում էին հանրությանը, և ժողովրդի հետ ակտիվ աշխատանքների ընթացքում մարդիկ ուղղում էին նրան, և յուրաքանչյուրի նկատմամբ Մհերը նույն անկեղծ, սրտացավ, մեծահոգի վերաբերմունքն էր արտահայտում՝ նաև մասնագիտական աջակցություն ցուցաբերելով նրանց։
Մհերի պայքարը արդար էր՝ հանուն Հայրենիքի, հարազատ ժողովրդի։ Նրա վսեմ, արժանապատիվ կերպարը մեր սրտում կլինի ընդմիշտ, նրա հզոր ներկայությունը զգալու ենք մեր շարքերում։
…Մհեր ջան, թող լույս իջնի քո սուրբ շիրիմին։
Թող կյանքով, եռանդով լեցուն մարմինդ ննջի խաղաղությամբ։
Ու թող հայրենապաշտ, անկոտրում հոգիդ երկնքում գտնի անխռով անդորր՝ տեսնելով մեր պաշտելի Արցախն ազատագրված, Մայր Հայաստանը՝ անառիկ, կանգուն»,-նշել է նա։