ԱԱԾ մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։

Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ով շնորհավորեց Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ և ներկայացրեց նախորդ տարում Ազգային անվտանգության ծառայողների միասնական աշխատանքի առավել նշանակալի արդյունքները` ըստ գործունեության հիմնական ուղղությունների: ԱԱԾ տնօրենը նշեց, որ Ծառայությունում 2024 թվականի նոյեմբերից նախաձեռնվել է լայնածավալ գործընթաց համակարգային բարեփոխումների ուղղությամբ։ Այս աշխատանքներն առավել համակարգված և նպատակային իրականացնելու համար մշակվում է նաև Ազգային անվտանգության մարմիններում բարեփոխումների ռազմավարական ծրագիր:

«Ազգային անվտանգության ծառայության հեռանկարային զարգացման բարեփոխումների իրականացման շրջանակներում շարունակվել են աշխատանքները ծառայության գործունեությունը կանոնակարգող նորմատիվ և ներքին իրավական ակտերի համակարգը կատարելագործելու ուղղությամբ:  Դեռևս 2023 թվականից Ծառայությունում անցկացվում է ատեստավորման գործընթաց, որի արդյունքում զինծառայողները հնարավորություն են ստացել բարելավելու իրենց մասնագիտական գիտելիքները, ինչպես նաև՝ նյութական վիճակը»,- իր խոսքում ասաց Ա. Աբազյանը:

Ամփոփելով 2024թ․ ընթացքում Ազգային անվտանգության մարմինների հիմնական ստորաբաժանումների կողմից կատարված աշխատանքները՝ ԱԱԾ տնօրենը փաստեց, որ արձանագրված դրական արդյունքներն ամենևին չեն նշանակում, որ չկան բացթողումներ և թերացումներ, ինչի ուղղությամբ իրականացվում է ամենօրյա հետևողական աշխատանք:
ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև պետական սահմանի պահպանությանը և նշեց, որ նախորդ տարվա օգոստոսի 1-ից «Զվարթնոց», իսկ դեկտեմբերի 30-ից նաև «Ագարակ» անցման կետերում սահմանային վերահսկողությունն ամբողջությամբ իրականացվում է միայն Սահմանապահ զորքերի ուժերով:

«Սահմանազատման արդյունքում  ՍԶ-ի կողմից պետական սահմանի պահպանություն է իրականացվում նաև Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս և Բերքաբեր հատվածներում: Սյունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանի պահպանվող տեղամասում շահագործման է հանձնվել 2 սահմանապահ ուղեկալ, ավարտական փուլում են գտնվում 4 ուղեկալների և 1 պարետատան կառուցման աշխատանքները»,- իր խոսքում ասաց ԱԱԾ տնօրենը:

Մասնագիտական տոնի կապակցությամբ Ազգային անվտանգության մարմինների աշխատակիցներին շնորհավորեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նշեց, որ 2024 թ.-ին նույնպես Ազգային անվտանգության ծառայությունը կատարել է իր առջև դրված խնդիրը, իսկ Ծառայությունում կատարված փոփոխությունները շատ էական են ժողովրդավարական հասարակության մեջ հատուկ ծառայությունների գործունեության տրամաբանության առումով:

«Պիտի ընդգծեմ, որ իսկապես, 2024 թ.-ին Ազգային անվտանգության ծառայությունն իր գործողություններով և գործունեությամբ միանշանակ մեծացրել է իր նկատմամբ վստահությունը և համոզվածությունը, որ մենք ամեն տարվա հետ ունենք ավելի գործունակ ծառայություն, որն ի վիճակի է ապահովել պետության և հանրության անվտանգությունը»,- իր խոսքում ասաց Ն. Փաշինյանը:
Մասնագիտական տոնի առթիվ ԱԱԾ մի շարք աշխատակիցներ հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվեցին ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ ԱԱԾ տնօրենը, տեղակալները, գլխավոր վարչությունների ղեկավարները և Սահմանապահ զորքերի հրամանատարը հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելիս զոհված և հերոսացած սահմանապահների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշակոթողներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել