Հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից օրենսդրությամբ նախատեսված կարգով պետությանը հանձնված նվերների տնօրինման հետ կապված հարաբերությունները կարգավորելու նպատակով Ազգային ժողովի կողմից 2024-ի ապրիլին ընդունվեցին մի շարք օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծեր: Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 30-ին Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր օրինագիծ, որով նախատեսում է լուծել նվերների տնօրինման ժամանակ գործնականում առաջացած խնդիրները:
Պրակտիկայում առաջացած խնդիրները վերաբերում են Կառավարության որոշմամբ սահմանված նվերների տնօրինման առանձնահատկություններին, նվերների առանձին տեսակներին, այդ թվում՝ շուտ փչացող և պահպանման էական ծախսեր պահանջող գույքերին, կենդանիների տնօրինման եղանակներին և առանձնահատկություններին:
«Մասնավորապես, հարկ է նշել, որ հիմնական խնդիրները հանգում էին որոշման առաջին հավելվածով սահմանված կառուցակարգերի սեղմ ժամկետներին, ինչպես նաև շուտ փչացող գույքի` մասնավորապես, որպես նվեր ստացված սննդի տնօրինման առկա առանձնահատկություններին:
Ուստի, սույն խնդիրների հաղթահարման նպատակով Նախագծի շրջանակներում տրվում են համապատասխան լուծումներ:
Վերոշարադրյալի հաշվառմամբ նախագծով առաջարկվում է․
-Որոշման առաջին հավելվածում սահմանել առկա կառուցակարգերի առավել երկար ժամկետներ: Մասնավորապես, հավելվածով առկա և լիազոր մարմինների կողմից գործողությունների իրականցման համար նախատեսված մեկօրյա ժամկետներն առաջարկվում է երկարաձգել՝ սահմանելով առավելագույնը երկօրյա ժամկետ:
-Այդ ժամկետների հաշվառմամբ Կոմիտեի կողմից գույքի տնօրինման եղանակի վերաբերյալ որոշման կայացման համար յոթնօրյա ժամկետի փոխարեն սահմանել առավել երկար ժամկետ:
-Շուտ փչացող գույքի՝ մասնավորապես, որպես նվեր ստացված սննդի տնօրինման համար սահմանել առանձնահատուկ կառուցակարգեր՝ առավել սեղմ ժամկետներով:
-Իրականացնել տեխնիկական բնույթի այլ փոփոխություններ»,-նշվում է հիմնավորման մեջ:
Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ։