Նվերի մասին խոսակցություններն ուղղակի անհեթեթություն են․ Արմեն Փամբուխչյան

Արդեն տևական ժամանակ է, ինչ մի շարք լրատվամիջոցներ իմ մասին կեղծ, իրականությունից շեղված, և չեմ խուսափի այդ ձևակերպումից՝ պատվիրված արշավ են սկսել: Այս մասին գրառում է կատարել Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

«Ասածս վերաբերում է նաև այսօր՝ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված մի հոդվածի, համաձայն որի ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի և ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդիներից արժեքավոր նվերներ եմ ստացել:

Նախ ուզում եմ ասել, որ Հակոբ Հակոբյանի որդին՝ Խաչատուրն իմ մտերիմ ընկերներից է՝ ում հետ ունենք նաև ընտանեկան հարաբերություններ, ումից երբեք գույք նվեր չեմ ստացել: Ինչ վերաբերում է Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթին, նրան նույնպես ճանաչում եմ՝ նախ որպես նույն թաղամասի բնակիչ ում հետ ներկայում ունեմ բարիդրացիական հարաբերություններ, և երբեք որևէ նվեր, թե միջնորդավորված և թե ուղիղ չեմ ստացել:

Ըստ այդմ, թե նախկինում, թե ներկայում նվերի մասին խոսակցություններն ուղղակի անհեթեթություն են:

Նաև փորձ է արվում ամեն ինչ ներկայացնել կոռուպցիոն դրսևորումների համատեքստում, ինչը՝ բնականաբար հերքում եմ և նաև հավելում, որ առնվազն զրպարտություն է:

Միաժամանակ տեղեկացնում եմ՝ սերիալ հիշեցնող, սուտ ու ստորության հասնող այս պատվիրված հոդվածների համար պատասխանատվություն եք կրելու»,-հավելել է փոխքաղաքապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել