Որքա՞ն է կազմում ԱԺ պատգամավորների և մշտական հանձնաժողովների նախագահների աշխատավարձը

Ներկայումս գործող «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնային դրույքաչափերը սահմանված են 331.595 դրամ:

2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին: Նշված իրավական ակտով բարձրանալու է պետական պաշտոններ զբաղեցնող մի շարք պաշտոնյաների ամսեկան պաշտոնային դրույքաչափերը:

2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձը դառնալու է 661.400 դրամ, իսկ մշտական հանձնաժողովների նախագահներինը՝ 793.680 դրամ:

2014 թվականի հուլիսի 1-ից «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ է մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվելու «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել էր 2002 թվականի դեկտեմբերի 26-ին:

Նշենք, որ ԱԺ պատգամավորների թիվը 131-ն է, իսկ մշտական հանձնաժողովները՝ 12-ն են:

Հիշեցնենք, որ Իրավաբան.net-ն ավելի վաղ անդրադարձել էր ՀՀ ԱԺ նախագահի և նրա տեղակալների, ՀՀ վարչապետի պաշտոնային նոր դրույքաչափերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել