Սրբազան շարժման պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանն այսօր ուղիղ հեռարձակման միջոցով զրուցել է ժողովրդի հետ։ Իր խոսքում նա հետևյալ արձանագրումներն է կատարել։
«Այսօրվա մեր կյանքը երկրաշարժի ենթարկված լինելու մասին է, որը իր հետևանքներով՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգևոր իմաստով չի վերանում, և դեռ շարունակում է խորանալ, որի պատճառը այն արժեքային քայքայումն է, որը հիմնականում տեղի է ունեցել 2020 թվականի պատերազմից հետո, իսկ իր ամբողջության մեջ տեղի ունեցավ 2018 թվականին՝ իշխանազավթումից հետո։
․․Ես չեմ ուզում ավելորդ կերպով մտնել այն արձանագրվող դեպքերի մեջ, որ շաբաթական գրությամբ, օրերով տեղի են ունենում մեր կյանքում, վերջին իրադարձությունները կապված էին ուղղակիորեն մարդու կյանքի գաղտնիության հետ, որի իրավունքը պաշտպանված է Սահմանադրությամբ, դրա մեջ նաև այս մի քանի շաբաթվա ընթացքը խոսում է այն ուրացության մասին, որոնք տեղ են գտել այս մարդկանց կյանքում, որոնք այլևս թաքցնելու ոչինչ չունեն»։
«Դուք բոլորդ տեսնում եք՝ ինչ է տեղի ունենում մեր կյանքում, ինչով ենք զբաղված և ինչպես է այս խմբակցության միջից դուրս գալիս ամբողջ չարության զգացումը։ Պարզապես նշեմ, որ վերջին շրջանի հրաժարությունները կամ պաշտոնանկությունները, որ տեղի ունեցան, տեղի ունեցան շատ անընդունելի կերպով նաև իրենց համար, այդուհանդերձ, դրան հաջորդեց սուտը՝ մարդկանց գովելու, քաջալերելու, իրենց աշխատանքները լավագույնը լինելու նկարագրությամբ, բայց միևնույն ժամանակ հեռացնելով»,-ասաց նա։