2024 թվականի առաջին եռամսյակում ամիսներին Փաստաբանների պալատը հրապարակել է փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու 39 որոշում, որից 28-ը փաստաբանների անդամավճար չվճարելու մասին։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Փաստաբանների պալատից։ Կարգապահական պատասխանատվության միջոցները բաշխվել են հետևյալ կերպ․
Ընտրվել է նաև լրացուցիչ կարգապահական տույժը՝ իր հաշվին վերապատրաստման դասընթացներին մասնակցություն 4 ակադեմիական ժամի չափով։
Փաստաբանների վարքագծի կանոնների և օրենքների խախտման համար կարգապահական պատասխանատվության են ենթարկվել 9 փաստաբաններ։ Վարքագծի խախտման դեպքեր են օրինակ՝ խցում գտնվող անձին հեռախոս փոխանցելը, դիմողի հետ կապի ոչ պատշաճ ապահովումը, դիմողի շահերը դատարանում պատշաճ կերպով չպաշտպանելը և այլն։
Կարգապահական տույժի ենթարկելու դեպքերի մեծամասնության անհրաժեշտությունն առաջացել է փաստաբանների անդամավճար չվճարելու պատճառով։ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը գրանցված դեպքերից 23-ի դեպքում որոշել է փաստաբանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն։
Ե՞րբ է ծագում փաստաբանի անդամավճար վճարելու պարտավորությունը և որքա՞ն անդավճար են պարտավոր ամսական վճարել փաստաբանները
Առաջին անդամավճարի վճարման պարտականությունը փաստաբանի մոտ ծագում է պալատի խորհրդի` պալատի կազմում անդամագրելու և փաստաբանական գործունեության արտոնագիր տրամադրելու որոշման ընդունման օրվանից։ Փաստաբանի անդամավճարը վճարելու պարտավորությունը լրիվ կատարելու համար վճարված գումարի անբավարարության դեպքում առաջին հերթին մարվում է փաստաբանի համար ավելի վաղ ժամկետում առաջացած անդամավճարի պարտավորությունը՝ անկախ վճարման փաստաթղթում նշված նպատակից:
Փաստաբանի անդամավճարի ժամկետանց պարտքի գումարը ինքնաշխատ ձևով միացվում է փաստաբանի անդամավճարի հերթական պարտքի գումարին և ենթակա է վճարման հերթական անդամավճարը վճարելու ժամկետում:
Փաստաբանի ամսական անդամավճարի չափը կազմում է 5.000 դրամ՝ բացառությամբ որոշ դեպքերի: Երևան քաղաքից առնվազն 120 (հարյուր քսան) կիլոմետր հեռավորության վրա գտնվող բնակավայրում հաշվառված և հիմնական գործունեություն իրականացնող փաստաբանի ամսական անդամավճարի չափը կազմում է 4.500 դրամ՝ Պալատին գրավոր դիմելու պահից, պայմանով, որ փաստաբանն անդամավճարի պարտք չունի:
Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքում հաշվառված և հիմնական գործունեություն իրականացնող փաստաբանի անդամավճարի չափը կազմում է 2.000 դրամ՝ պալատին գրավոր դիմելու պահից:
2024 թվականի ապրիլի 1-ից մինչ օրս Փաստաբանների պալատի Կարգապահական հանձնաժողովը որոշումներ չի հրապարակել։
Լիլիթ Խաչատրյան