Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա՝ չնայած իր մանդատի ավարտին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա՝ չնայած իր մանդատի ավարտին, քանի որ խորհրդարանը «ոչ լեգիտիմ է»։

«Ես լինելու եմ այս քաղաքական գործընթացի ղեկին, մնում եմ ձեր նախագահը, չկա լեգիտիմ խորհրդարան, հետևաբար, ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարողանա ընտրել նոր նախագահ, և իմ մանդատը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չկա լեգիտիմ խորհրդարան, որը կընտրի ինձ փոխարինողի»,-ТАСС-ի փոխանցմամբ՝ ասել է նախագահը իր տեսաուղերձում։

Զուրաբիշվիլին հավելել է, որ վաղը հասարակությունը և քաղաքական կուսակցությունները հանդիպելու են իր հետ․ «Միասին մենք ղեկավարում ենք այն քաղաքական գործընթացը, որը դուք ղեկավարում եք դրսում, փողոցում և հասարակության տարբեր ոլորտներում»։

Հիշեցնենք, որ ողջ Վրաստանում բողոքի ակցիաներ են ընթանում՝ ընդդեմ «Վրացական երազանք»-ի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների գործընթացից հրաժարվելու որոշման։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ նոյեմբերի 30-ին Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ 107 մարդ է բերման ենթարկվել։

Նշենք, որ Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին, իսկ նախագահական ընտրությունների օր է նշանակվել դեկտեմբերի 14-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել