Աղջկա վարքը գրավել էր անցորդների ուշադրությունը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Կարինե Ավակյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անձնական հարցի շուրջ վիճաբանության մեջ է մտել ծաղկավաճառ, իր ընկերոջ մայր՝ Շողիկ Մուրադյանի հետ, որից հետո վերջինիս հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, ոտքով հարվածել է ոտքին, ապտակել, ապա իր մոտ եղած որպես զենք օգտագործվող առարկայով՝ էլեկտրահարիչ սարքով, էլեկտրահարել է Շ. Մուրադյանին՝ միաժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, շուրջ 30 րոպե բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ։

Բացի այդ, իր ընկեր Սուրեն Մուրադյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալով, իր մոտ եղած որպես զենք օգտագործվող առարկայով՝ դանակով, սպառնացել ու փորձել է հարվածել Ս. Մուրադյանին՝ միաժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ շուրջ 20 րոպե բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հասարակության նկատմամբ միջադեպի ողջ ընթացքում տալով սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես Մուրադյանի, այնպես էլ՝ դիտողություն արած անցորդների հասցեին՝ խաթարելով բնակչության անդորրը։

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Կարինե Ավակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, ըստ որի`

1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,
3) (կետն ուժը կորցրել է 23.05.11 ՀՕ-143-Ն)
4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,
5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել