Ֆրանսիայի՝ կլիմայի փոփոխության ոլորտում առաջատար երկրներից մեկի և ԵՄ-ի առանցքային անդամ համարվող երկրի կողմից ցանկացած պատրվակով COP-29 համաժողովին մասնակցելուց հրաժարվելը սխալ քայլ է։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանը, համենայն դեպս, երբեք չի շփոթում կլիմայի հարցը Ադրբեջանի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունների հետ։ COP-29-ից առաջ մենք կազմակերպում էինք միջոցառումներ, որոնց հրավիրված էին և մասնակցում էին ֆրանսիացի բանակցողներ և ֆրանսիացի ներկայացուցիչներ: Մեր COP թիմը նույնպես կառուցողականորեն աշխատեց նրանց հետ: Ինչպես ավելի վաղ ասացի, համաժողովին չմասնակցելու Ֆրանսիայի որոշումը նրանց ընտրությունն է»,-նշել է Բայրամովը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզում անընդունելի են համարել COP29-ի բացմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթում Ֆրանսիայի և Եվրոպայի մասին արված մեկնաբանությունները։