«Դասապատրաստման տրամաբանությունը դեպի դպրոց տեղափոխելը սխալ չէ»․ Ժաննա Անդրեասյան

«Մեզ չափից շատ բողոքում են, որ շատ տնայիններ են տրվում, և ընտանիքում պետք է որոշակի աջակցություն ցուցաբերվի երեխաների դասապատրաստմանը, եթե կան դպրոցներ, որտեղ հակառակն են անում, և դրանից էլ են բողոքում, ունենք լավ հնարավորություն՝ այդ երկու մեթոդները համադրել և հասկանալ օպտիմալ տարբերակը»,-այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին,  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Անդրեասյանը նշեց՝ ժամանակակից դասավանդման և կրթական չափորոշչի տրամաբանությունն այն է, որ երեխան իր հիմնական ժամանակը ծախսի ոչ թե դասը սերտելու վրա, այլ դասի ընթացքում ստացած ինֆորմացիան դասի ընթացքում էլ յուրացնի, և հետագա իր ժամանակը օգտագործի այդ գիտելիքի կիրառության շուրջ․ «Օրինակ՝ որևէ նախագծային աշխատանք իրականացնի և, եթե սովորել է ֆիզիկայի որևէ կանոն, օրինաչափություն, կարողանա ինչ-որ փորձ իրականացնել, տեսնել՝ դա ոնց է աշխատում , կամ լրացուցիչ աշխատանք անել, որը իրեն զարգացնում է։ Այդ իմաստով կարծում եմ, որ դասապատրաստման տրամաբանությունը դեպի դպրոց տեղափոխելը սխալ տրամաբանություն չէ, և մենք պետք է այդպես հասկանանք՝ ճիշտ հավասարակշռությունը որն է։

Դասագրքերի տպագրության գործընթացում մենք այս տարի էլ որևէ ուշացում չունեցանք․ սեպտեմբերի հենց սկզբից բոլոր դասագրքերը, որ պետք է տպագրվեին, տպագրված էին և դպրոցներին բաժանված էին։ Այս տարի ավելի հանդարտ ռեժիմով դա կանենք, որովհետև մրցույթները հայտարարվել են դեռևս ամռանը, փետրվարին մենք բացելու ենք մրցութային հայտերը, բնականոն ընթացքով գարնանը կփորձաքննենք և 3-4 ամիս կունենանք տպագրության համար, ինչը լիովին բավարար է»,-հավելեց նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել