Դատավորի վարքագիծը ոչ դատական գործունեություն իրականացնելիս

Դատավոր է վճռաբեկ դատարանի նախագահի, պալատների նախագահների և դատավորների, ինչպես նաև առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի դատավորի կամ դատարանի նախագահի պաշտոնում օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:

Յուրաքանչյուր դատավոր օժտված է արդարադատություն իրականացնելու իրավասությամբ:

Դատավորը չպետք է օգտագործի դատավորի կամ դատարանի հեղինակությունն անձնական, ընտանեկան կամ այլ շահեր իրականացնելու նպատակով:
Դատավորը պետք է խուսափի շահերի բախումից. նա չպետք է թույլ տա, որպեսզի իր ընտանեկան, հասարակական կամ այլ հարաբերություններն ազդեցություն ունենան իր` որպես դատավորի առաքելության վրա:

Դատավորը չպետք է պահանջի կամ ընդունի որևէ նվեր, արտոնյալ վարկ կամ այլ ծառայություն` ի հատուցումն մասնագիտական պարտականությունների կատարման: Նույնը դատավորը չպետք է թույլատրի իր ընտանիքի անդամներին և բոլոր այն անձանց, ովքեր գտնվում են իր ղեկավարության կամ ազդեցության ներքո:

Դատավորը պարտավոր է ողջամտության սահմաններում տեղեկացված լինել ընտանիքի անդամների ֆինանսական գործունեության և շահերի մասին:
Դատավորն իրավունք չունի հրապարակայնորեն կասկածի տակ առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը և իր գործընկերների գործողությունները:

Դատավորը պետք է խուսափի իր կոչմանն անհարիր կապերից, որոնք կարող են արատավորել նրա հեղինակությունը, պատիվն ու արժանապատվությունը:

Դատավորն իրավունք ունի ինքնարտահայտման, դավանանքի ազատության, արհմիություններում և այլ հասարակական կազմակերպություններում միավորման, սակայն այդ իրավունքներից նա պետք է օգտվի այնպես, որ բարձր պահի դատավորի կոչումը և կասկածներ չառաջացնի դատարանի անկախության ու անաչառության նկատմամբ:

Դատավորը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատավորը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն:

Դատավորը կարող է անդամակցել դատավորների միությանը կամ դատավորների շահերը ներկայացնող այլ կազմակերպությունների` ազատորեն կատարելով դրանց կանոնադրությունից բխող գործողություններ:

Մասնագիտական պարտականությունների պատշաճ կատարումից բացի դատավորը կարող է`
ա) մասնակցել իրավունքի զարգացմանը, օրենքի կիրառմանը և նման այլ հարցերի վերաբերյալ միջոցառումներին, հանդես գալ զեկույցներով և դասախոսություններով,
բ) հանդես գալ պետական մարմինների բաց լսումներում, հրապարակայնորեն ապահովել իրավունքի, իրավական համակարգի, արդարադատության իրականացման հարցերին առնչվող խորհրդատվությամբ այն չափով, որքանով դա կընդունվի որպես դատավորի իրավաբանական գիտելիքների և փորձի օգտագործում,
գ) լինել պետական կամ խորհրդատվական մարմնի անդամ, եթե դա չի հակասում դատավորի անկախության, անաչառության և քաղաքական չեզոքության սկզբունքներին,
դ) մասնակցել դատաիրավական համակարգին վերաբերող օրենսդրության զարգացմանն ուղղված գործընթացին,
ե) զբաղվել գործունեության այլ տեսակներով, եթե դա չի նսեմացնում դատավորի պատիվն ու արժանապատվությունը:

Դատավորն իրավունք ունի զբաղվել գիտական, մանկավարժական, դասախոսական և այլ ստեղծագործական գործունեությամբ, այդ թվում վճարովի (փոխհատուցվող) հիմունքներով: Դատավորի նման գործունեությունը, որքանով այն նպաստում է նրա մասնագիտական որակավորման բարձրացմանը և վնաս չի հասցնում մասնագիտական պարտականությունների կատարմանը, պետք է աջակցվի և խրախուսվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել